Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
ПолитикаԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Երևանն այսօր տարբեր նախագծեր է իրականացնում ԵՄ կառույցների հետ, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները:
Անդրադառնալով ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր: Շնորհավորելով Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունն առաջնահերթություն է Եվրոպական միության համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:
Որպես գործակցության նոր ուղղություններ՝ կողմերը կարևորել են երթևեկության կազմակերպմանը, Էկոլոգիապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմի ավելացմանը, համայնքային ոստիկանության համակարգի ներդրմանն ու քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված նախագծերի կյանքի կոչումը: Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ որոշ ծրագրերի մասով համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել՝ Երևանն առավել անվտանգ, հարմարավետ ու «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ: