Երևանի ավագանին ոչնչով չի տարբերվում ԱԺ-ից իր որակով
ПолитикаԵրևանի ավագանին երեկ վերջապես ապացուցեց, որ ոչնչով չի տարբերվում Ազգային ժողովից։ Ի սկզբանե թեժ սկսված նիստն ընդդիմության ջանքերով վերածվեց իսկակական կրկեսի, իսկ իրավիճակն առավել թեժացրեց «Հանրապետություն» կուսակցությունը։
Ընդհանրապես երեկ տպավորություն էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» պարզապես իր համար կողքից դիտորդի կարգավիճակում է, իսկ ՔՊ-ի հեղինակությունն ու վարքը պաշտպանելու առաքելությունն իր վրա էր վերցրել «Հանրապետություն» կուսակցությունը։ Նախ կանայք իրար վրա ջուր ցողեցին, հարվածեցին ու հայհոյանքներ տվեցին, այնուհետև ծեծկռտուքը շարունակվեց միջանցքում։ Մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ արդեն ուղիղ եթերն անջատելուց հետո, միջանցքում ՔՊ-ն և «Հանրապետությունը», օգտվելով թվային գերակշռությունից, բավականին դաժան ծեծի էին ենթարկել ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հատկապես ակտիվ են եղել Երևանի թաղապետերը, ոչ միայն «Հանրապետություն» կուսակցությունից նշանակված, այլ նաև «Քաղաքացիական պայմանագրից», որոնց թիրախում էլ եղել են «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Ընդհանրապես, ի սկզբանե, ակնհայտ էր, որ ավագանու այս կազմն առավել ևս իշխող ուժերի՝ նվազ մեծամասնություն չլինելու հետևանքով, լուրջ խնդիրների է բախվելու և բանը, ի վերջո, հասնելու է ծեծկռտուքին։ «Մայր Հայաստանը» երեկ առաջին անգամ էր ներկայացել ավագանու նիստին և հենց առաջին նիստն էլ աչքի ընկավ նման դրսևորումներով, չի բացառվում, որ ծեծկռտուքները շարունակվեն նաև այսօր և առաջիկա այլ նիստերին, ինչը վկայում է, որ Երևան քաղաքում առնվազն քաղաքական լուրջ ճգնաժամ է առաջացել, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» այն կարգավորելու փոխարեն գնում է սրելու ճանապարհով։
Հայկ Մանուկյան