Ի՞նչ է կատարվում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքում
ПолитикаԸնդդիմադիր «Հայաստան» դաշինքում ընթացող պրոցեսները կարելի է անլուրջ որակել։ Երեկ հայտնի դարձավ, որ միանգամից մի քանի թեկնածուներ հրաժարվել են պատգամավորական մանդատից, որը թափուր էր մնացել քրեական պատասխանատվության մեջ գտնվող Արմեն Չարչյանի հրաժարականից հետո։ Չարչյանը, առանց պատճառաբանության, հրաժարվեց մանդատից, վերադարձավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և կրկին ստանձնեց տնօրենի պաշտոնը։ Ցուցակում հաջորդը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, նախ հայտարարել էր, թե վերցնելու է իր մանդատը և գնալու է պայքարելու, սակայն երեկ արդեն հատարարեց, որ հրաժարվում է մանդատից։
Ըստ էության մանդատից հրաժարվել էր նաև ցուցակի հաջորդ համարը, լրագրող Անժելա Նալբանդյանը, որը «Հայաստան» դաշինքը լքած և մանդատը վայր դրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։ Երեկ նաև պատգամավորական մանդատից հրաժարվել է դաշնակցական Գերասիմ Վարդանյանը, որպես պատճառաբանություն նշելով իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Վարդանյանը, նշենք, Ազգային ժողովում պատգամավորի օգնական է և առնվազն նրա այս պատճառաբանությունը հավատ չի ներշնչում և, ըստ ամենայնի, հաջորդ թեկնածուն կվերցնի մանդատը։ Իսկ հաջորդը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը, որն արդեն ամսից ավելի գտնվում է կալանավորված վիճակում։ Ոստիկանները նրա նկատմամբ բռնություն էին գործադրել, ապա և ցուցմունք տվել, թե Լևոն Քոչարյանն է իրենց նկատմամբ բռնություն գործադրել։
Եթե մանդատը բաժին հասնի Լևոն Քոչարյանին, ապա նրան անհապաղ պետք է ազատ արձակեն, իսկ կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար Գլխավոր դատախազը պետք է մտնի Ազգային ժողով և ստանա խորհրդարանական մեծամասնության հավանությունը։ Ամեն դեպքում, հենց «Հայաստան» դաշինքի խնդիրն է՝ ում կցանկանան պատգամավոր դարձնել, բայց դաշինքի առաջնորդի որդուն ամեն գնով պատգամավոր դարձնելու և այդ հանգամանքով պայմանավորված նրան ազատություն շնորհելու քայլը քաղաքական տրամաբանության մեջ շատ քիչ է տեղավորվում և ավելի շուտ հովանավորչության տպավորություն է թողնում, ինչը նշենք, բնավ էլ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ առավել ևս քաղաքական հայտ ներկայացրած Լևոն Քոչարյանի օգտին չի խոսում։
Սոնա Մանուկյան