Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ իշխանությունն Արցախի պես նաև Սյունիքը կարող է հանձնել. Խոսրով Հարությունյան
ПолитикаԱյն, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների գործողությունների հետևանքով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգված են, փաստ է։ Այն, որ Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմի բաղձալի նպատակն է, ևս փաստ է, ուստի հերթական անգամ, ևս մեկ անգամ պետք է արձանագրել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը գտնվում է կործանարար սպառնալիքի տակ։ Մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանի ամենամեծ անկլավներից մեկը, եթե, իհարկե, Հայաստանի այս իշխանությունը շարունակի իշխանավարել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, դրանից բխող վտանգների մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով.
««Խաղաղության խաչմերուկ» ասվածն ուղղակի փրփուր է։ Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը դրան լուրջ չեն վերաբերվում։ Ի դեպ, եթե Ադրբեջանը, որն այսօր իրական խաչմերուկ է, Վրաստանը, որը նույնպես այդպիսին է, չի օգտագործում խաչմերուկ բառը, Հայաստանի ղեկավարի կողմից այդ բառի կիրառումն առնվազն ծիծաղելի է։ Խաղաղության խաչմերուկի մասին է խոսում մի մարդ, որը չի արել ոչ մի քայլ իր աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական կապիտալի վերածելու համար»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ եթե այս իշխանությունն ունակ լիներ դա անել, այդ դեպքում երբեք չէր բանակցի Մեղրիի երկաթգծի գործարկման համար։
«Հարց եմ հնչեցնում Փաշինյանին՝ արդյո՞ք ինքը կարող է ներկայացնել հաշվարկներ, որ այդ 42 կմ-անոց Մեղրիի երկաթգիծը Հայաստանին տնտեսապես օգուտ է տալու։ Շեշտում եմ՝ չի տալու։ Մեղրիի երկաթգծի գործարկումը նշանակում է, որ Հայաստանի բյուջեից 150 միլիոն պետք է ներդնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ կապվեն։ Այս երկաթգծի շահագործումը Հայաստանին տարածաշրջանից մեկուսացնելու է։ Մենք, նստած տարածաշրջանային մայթեզրին՝ նայելու ենք, թե ով ինչ է տանում և բերում»,- պարզաբանեց ՀՀ նախկին վարչապետը։
Անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերաբերյալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե Հայաստանն առայժմ Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, մինչև հիմա վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ, Խոսրով Հարությունյանն արձագանքեց.
«Ինձ համար տարօրինակ է, որ Ռուսաստանը համառորեն բանակցում է Մեղրիի երկաթգծի շահագործման ուղղությամբ։ Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի այդ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրում կարծում են, որ ինչպես Հայաստանի իշխանությունն Արցախը զիջեց, նույն ձևով էլ կարող է հանձնել նաև Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմին, ուստի փորձում են ամեն գնով իրենց ներկայությունն ապահովել Սյունիքում։ Հակառակ դեպքում, ինձ համար անհասկանալի է Ռուսաստանի այդքան նվիրվածությունը այդ փոքրիկ 42 կմ-անոց տարածքին»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե Ռուսաստանն ու Իրանը ցանկանում են կապվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող են օգտվել Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան ճանապարհից, որը ոչ թե 42 կմ է, այլ 370-ից ավելի, հետևապես՝ ավելի շահավետ է տնտեսապես Հայաստանի համար։
Հարությունյանը նաև հավելեց, որ Հայաստանի իշխանությունը հիմա պարտավոր է հրաժարվել Մեղրիի երկաթգծի շուրջ որևէ բանակցությունից՝ այն հիմքով, որ այլևս չկա Լաչինի միջանցքը։
«Պետք է ասել, որ Մեղրիի միջանցք ասվածն ինքն իրենով վերացել է Լաչինի միջանցքի վերացումից հետո»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։