Տնային աշխատանքը այստեղ պետք է անենք՝ Ստեփանակերտում և Երևանում, ոչ թե Բրյուսելում․ Թևան Պողոսյան
Alternative opinionԻ՞նչ պետք է տար Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանին, եթե վերջինս որևէ բան չի արել, որպեսզի թղթի վրա գրվածները կյանքի կոչվեին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ պետք է կարողանանք գնահատել՝ այն ինչ գրված է կյանքի կոչվելո՞ւ է, թե ոչ։
«Դեռ ոչինչ չի տվել հանդիպումը և այդպես էլ կարող է մնալ, եթե որևէ գործողություն չանենք։ Այդ գործողություններն անելիս պետք է չմոռանանք, որ միայնակ չենք և մեր թշնամիները մեր դեմ են աշխատում, հնարավոր է՝ այդ փաստաթղթերն օրակարգային իմաստով ավելի շատ իրենք օգտագործեն։ Ամբողջ հանդիպման իմաստը միտված էր առևտրային, ճանապարհային օրակարգերին, որոնք այսօրվա դրությամբ թուրք-ադրբեջանական օրակարգից են, քան հայկական շահերից։ Հերթական ձևով ամրագրումներ արեցինք, որ ապագայում եվրոպական միության կողմից էլ օգտագործվելու է իրենց տնտեսական շահերն առաջ տանելու համար։ Դժվար է կանխատեսել՝ արդյոք այդ թուղթը որևէ բան տալու է մեզ, թե՞ ոչ, եթե, իհարկե, բոլորս չվերածվենք մեկ բռունցքի և աշխատենք հանուն մեր հայական շահերը առաջ տանելու, ինչը հավատ չի ներշնչում այսօրվա իշխանությունների օրոք»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ դատելով Ալիևի խոսքերից կարող ենք նկատել, որ նա ինչպես Արցախն է համարում ադրբեջանական, այնպես էլ Սյունիքը և մյուս մասերը. «Ալիևն այսօր էլ հարցազրույցում ասել է՝ Արցախյան հարց այլևս չկա, կարգավիճակի խնդիր չկա, Հայաստանն էլ պետք է ենթարկվի բոլոր պահանջներին, որոնք իրենք դրել են՝ ստորագրի խաղաղության պայմանգիր և ապրի ինչպես հարևաններ։ Նրա խոսքերից կարելի է հասկանալ, որ ասում է՝ Արցախն էլ է իմը, Զանգեզուրն էլ, Սևանն էլ են վերցնելու, Երևան էլ են գալու։ Իրենք ունեն հեռահար ծրագրեր, որոնք փորձում են անել։ Թե ինչ է Ալիևը մտածում՝ ուղղակի պետք է լսել նրան․ ի տարբերություն այլ թշնամիների՝ նա ամենաազնիվն է։ Այդ իմաստով հայ ազգից գաղտնիք չի պահում, ասում է՝ ինչ է մտածում և ինչ է անելու։ Այլ հարց է, թե ինչ են ասում և անում մեր իշխանութունները․ հանդիպումից 5 րոպե առաջ ֆեյսբուքում բացատրություններ ներկայացնելու փոխարեն ցանկացած հանդիպումից առաջ պետք է հասկանալ՝ ինչ գործողություններ անել, որ թշնամին ոնց ուզենա էդպես չմեկնաբանի։ Դրա համար գործողությունները պետք է անել տանը, ոչ թե Բրյուսելում։ Մեր տնային աշխատանքը այստեղ պետք է անենք՝ Ստեփանակերտում և Երևանում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է երկաթգծի շահագործմանը և դրա հնարավոր կյանքի կոչվելու դեպքում՝ անվտանգության երաշխիքներին, ապա Պողոսյանը նկատեց. «Երկաթգծի նախագիծը պատկերացնելու համար պետք է հասկանանք՝ ինչ կա իրականության մեջ։ Երկաթգծի մեծ մասը չկա։ Ադրբեջանի տրանսպորտի նախարարն ասել է, որ կառուցումը կավարտեն 2023 թվականին։ Անվտանգության երաշխիքներ, բնականաբար, ոչ ոք չի կարող տալ, որովհետև լավագույն օրինակն է հիշել երկրաշարժից հետո, երբ Հայաստան ապրանքներ էր գալիս ամեն ինչ վերահսկվում էր Մոսկվայի կողմից, բայց արդյոք ապրանքներն անվտա՞նգ էին գալիս, իսկ հիմա ո՞վ է երաշխավորելու։ Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը երաշխավոր է լինելու հայկական բեռներին։ Հակված եմ մտածել՝ չկա երաշխիք և երբեք էլ չի լինելու։ Ադրբեջանը ցանկացած տեղ օգտագործելու է նույն մոտեցումը, ամեն բան դիտարկում է առևտրի տիրույթում․ քարտեզներ է պետք, այսքան գերիներ կտանք, սա է պետք, սա կտանք․․․»,- նշեց Թևան Պողոսյանը՝ եզրափակելով, որ այն, ինչ կապված է Ադրբեջանի հետ երաշխիք չունի։
Սոնա Հարությունյան