Քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է հայտնել
ПолитикаՍեպտեմբերի 26-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունները առաջինը ձերբակալել են ռուսաստանցի գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։
- Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք կապ հաստատել նրա հետ։
Այո, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասել է, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասել է, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում:
- Նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել:
Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրել է, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից:
- Նրան այցելե՞լ են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։
Ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ ներկայացուցիչները (ԿԽՄԿ-խմբ.) կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հորս և մյուսների հետ։
- Հիմա դուք աշխատում եք կազմակերպել միայն Ռուբեն Վարդանյանի՞ վերադարձը, թե՞ նաեւ այլ գերիների:
Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 12-ին Հաագայում դատավարություն է լինելու նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Մենք մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա: Իհարկե, մենք նաև քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար, բայց դրանց մասին դեռ վաղ է խոսել։