«Չենք ցրվում, շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»․ Ավետիք Չալաբյան
ПолитикаՀանրապետության հրապարակում շարունակվում է քաղաքացիների բողոքի ցույցը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ Արցախում 25 զոհ կա այսօրվա գործողությունների հետեւանքով, թշնամին գրավել է 10 գյուղ։ «Այսօրվա օրվան մենք հասել ենք, որովհետեւ հավատացել ենք այս խամաճիկին, որովհետեւ կառավարության համար մեկ շենքում նստած է եղել մի մարդ, որը 5 տարի բոլորիս խաբել է, մեր գլխի տակ փափուկ բարձ է դրել։ Ասել է՝ ձեզ խաղաղություն եմ բերելու, բարգավաճում եմ բերելու, ասել է՝ ապագա կա, ասեք, կանենք, եւ հազար տեսակի ստեր։ Այսօր էլ սուտը պայթել է, եւ մեր քույրերն ու եղբայրներն Արցախում կրակի տակ են։ Եվ մենք իրենց պաշտպանելու միայն մեկ ձեւ ունենք՝ այս երկրում փոխենք իշխանությունը, վերցնենք մեր ձեռքը զենքը, վերցնենք մեր երկրի կառավարումը ու պաշտպանենք մեր Արցախը, պաշտպանենք մեր Հայաստանը»,- ասաց նա։
Չալաբյանը նշեց, որ եթե համախմբում չլինի, վաղը մեզանից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցիների վիճակում։ «Վաղը ռումբերն այստեղ են պայթելու, վաղը մեր տներն են ավերվելու, վաղը մեր կանանց են բռնաբարելու, մեր երեխեքին են գողանալու։ Ուստի, այսօր ցրվել չկա, հոգնել չկա, հիասթափվել չկա, մենք այսօր կռվում ենք մեր կյանքի համար, մեր իրավունքի համար, մեր ապագայի համար։ Պատրաստ եղեք երկար կռվի, հոգնել չկա, պարտվել չկա, շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,- ասաց նա։