Իշխանությունները զբաղված են գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով, սակայն ո՛չ կակաչները, ո՛չ սակուրաները չեն օգնելու. Մանե Թանդիլյան (տեսանյութ)
ПолитикаԻշխանությունների անգործության և անհեռատեսության հետևանքով, երբ երկրի առնվազն 150 քառակուսի կիլոմետր գտնվում է թշնամու օկուպացիայի ներքո, և շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել հայորդիներ, օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով, սակայն ո՛չ կակաչները, ո՛չ սակուրաները այլևս չեն օգնելու: Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանը «հայ ժողովրդի հույսը» վերականգնելու խոստում տվեց. «Մենք վերականգնելու ենք այն ամենը, որն ընկած է առաջ գնալու հիմքում՝ հույսը: Մենք վերականգելու ենք հայ ժողովրդի կորցրած հույսը: Որ մենք ունակ ենք պետություն կառուցելու, որ մենք ունակ ենք զարգացած ու խելացի երկիր լինելու: Մենք ունակ այս բարդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է մեր հայրենիքը, տեր կանգնելու իրեն: Եվ այդ հույսը պատրանք չէ: Դա կարող մարդիկ են, դա նվիրումն է, դա արհեստավարժությունն է, դա համառ հետևողականությունն է տեղ հասնելու՝ սահմանելով այդ տեղը որպես հայոց երազանք»:
Քաղաքական ուժի ղեկավարը խոսեց իշխանափոխության մասին՝ հաստատելով, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին: «Կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը՝ ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն: Այժմ մենք հասել ենք կուսակցության որդեգրած մարտավարության հաջորդ հանգրվանին՝ Երևանի ավագանու ընտրություններին»,- ասաց Թանդիլյանը:
«Անհնարին է գերագնահատել Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական ազդեցության աստիճանը: Եվ ուրախ եմ հայտարարել, որ «Ապրելու երկիր»-ը որոշում ունի մասնակցելու և հաղթելու ավագանու ընտրություններում»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.