Գործող վարչակարգը սեփական ժողովրդի դեմ նոր ճակատ է բացել. Ավետիք Չալաբյան
ПолитикаՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին գործող վարչակարգը, Արցախը և հանրապետության սահմանները պաշտպանելու փոխարեն, երկրի ներսում սեփական ժողովրդի դեմ նոր ճակատ է բացել, մեկ փորձելով նրան մեղադրել համատարած դասալքության մեջ, մեկ փողոցում թքելով քաղաքացիների երեսին, մեկ անհեթեթ քրեական գործերով փորձելով ճնշել իր պարտվողական քաղաքականության դեմ պայքարող արժանապատիվ մարդկանց:
Վարչակարգի հերթական անհեթեթ նախաձեռնությունը «Գոյ Թատրոն»-ի լուծարումն է, որին այն ձեռնամուխ է եղել ամենայն հետևողականությամբ, մոբիլիզացնելով իր ֆեյքերի և պնակալեզների ողջ բանակը: Ի հեճուկս դրանց, մեր արժանապատիվ համաքաղաքացիները իրենց ներկայությամբ և անկեղծ խոսքով են պաշտպանում սիրված թատրոնը՝ երեկ «Գարեգին Նժդեհ» ներկայացմանը ասեղ գցելու տեղ չկար, այն վերածվեց ի պաշտպանություն թատրոնի սպոնտան մի հանրահավաքի:
Մենք ևս «Համախմբման» մեծ պատվիրակությամբ ներկա էինք երեկ այդ ներկայացմանը, որն ինքնին մինչև հոգու խորքը թափանցող մենախոսություն էր մեր ազգի լավագույն նվիրյալ զավակներից մեկի մասին: Ներկայացումից հետո մենք պատիվ ունեցանք զրուցելու թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ, բերելով նրան մեր սատարումը, և հավաստիացնելով, որ կշարունակենք միասին պայքարել ոչ միայն թատրոնի պահպանման, այլև նրա հետագա ստեղծագործական վերելքի համար:
Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին և նրա գեղարվեստական ղեկավարին, այս բոլոր տարիներին արվեստին անմացորդ ծառայելու, և մեր երկրի մշակույթային կյանքը հարստացնելու համար, և կոչ եմ անում ձեզնից յուրաքանչյուրին էլ սեփական ներկայությամբ աջակցել մեր սիրված թատրոնին: