Սադրանքները ուղղորդված են. անպատասխան չեն մնա. Ալեն Սիմոնյան
ПолитикаԵս չեմ մեկնաբանի, թող այդ հարցի պատասխանը չստանան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքն իսկապես թքել էր քաղաքացու վրա: «Կարծում եմ՝ իմ պատասխանը, որ հրապարակել եմ, լիովին բավարար է: Այնտեղ մի թյուրիմացություն կար, որ իբր իր ձեռքերը բռնել են: Որևէ մեկը այդ անձնավորության ձեռքերը չի բռնել, մեր խոսակցությունից հետո նա փորձջ արեց հարձակվել ինձ վրա, որից հետո անվտանգության աշխատակիցները բռնեցին, որ նա չհարձակվի: Նույնիսկ իր հրապարակած տեսանյութում կամ որևէ տեղ նման բան գոյություն չունի: Մենք հիմա այնպիսի աշխարհում ենք ապրում, որ որևէ բան թաքցնել անհնար է»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չի հանդուրժվելու լկտի վարքագիծը, սադրանքները. «Այն, ինչ տեղի ունեցավ սադրանք էր, սադրանքների շարքի մի մասնիկ է: Հայաստանի 680 հազար քաղաքացի քվեարկել է այսօրվա իշխանության, նաև ինձ համար: Եվ մի անձնավորություն, որ բնակվում է դրսում, գա և ՀՀ ընտրված իշխանությանը վիրավորի, անթույլատրելի է: Մենք մարդ չենք ծեծում, մարդկանց քրեորեն չեն հետապնդում իրենց քաղաքական հայացքների համար, ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկությամբ իրենց կարծիքը արտահայտել: Իսկ լկտիությունն ու խուլիգանությունը ես չեմ կարող անարձագանք թողնել: Միանշանակ, սա ուղղորդված էր: Գալիս են ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ Վլադիմիր Վարդանյանի պես գիտնական անձնավորությանը հարվածում են, փախնում են: Հետո փողոցում սադրանքներ են կազմակերպում: Կարծում եմ՝ սա տրամադրվածություն է անճարությունից ելնելով»,-ասաց Ալեն Սիմոնյանը: