Իշխանությունների տվայտանքը Ռուբեն Վարդանյանի շուրջ ունի մեկ պատճառ՝ իշխանությունը կորցնելու վտանգը. Մանե Թանդիլյան
ПолитикаԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձություններին և Հայաստանից հնչող քննադատություններին՝ Թանդիլյանը նշել է.
«Ակնհայտ է՝ իշխանությունների տվայտանքը Ռուբեն Վարդանյանի անձի շուրջ մեկ պատճառ ունի. նրանք իրենց իշխանության համար վտանգ են տեսնում Ռուբեն Վարդանյանի հասարակական-քաղաքական գործունեությունից: Քանի որ այս իշխանությունը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ պահել սեփական իշխանությունը, նրանց բոլոր լարումներն ու հուզմունքը գալիս է հենց այդ հանգամանքից, և այստեղ է, որ նրանք տեսնում են վտանգ: Հասկանում են, որ Հայաստանում նախկիններին վերադարձ չի լինելու, հասկանում են, որ ժողովուրդն ունի այդ տրամադրվածությունը, ինչը գովելի է: Այսօր բոլոր տեսակի այլ ուժի կենտրոնացում, որևէ ձևաչափով, իշխանությունների համար վտանգ է»:
Մանե Թանդիլյանը Ռուբեն Վարդանյանի դեմ տարվող հակաքարոզչության այլ պատճառ չի տեսնում, քան իշխանությունը կորցնելու վտանգն ու վախերը:
«Ասել, որ Արցախում իրավիճակն ավելի դժվարացավ Ռուբեն Վարդանյանի այնտեղ գնալով, անմեղսունակ և պարզունակ մտածողություն է: Ես չեմ խորշելու այդ բառերն օգտագործել: Իսկ որ Արցախում չէր Ռուբեն Վարդանյանը, այնտեղ ամեն ինչ շատ ավելի լա՞վ էր, որ չհանձնվեցի՞ն Աղավնոն և մի շարք այլ գյուղեր… Մենք մեղավորներ ենք փնտրում մե՞ր մեջ, պայքարո՞ղ անձանց մեջ…»,- հարցադրում է Մանե Թանդիլյանը:
Ադրբեջանի նպատակն է Արցախը տեսնել առանց հայերի: «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարն ասում է՝ ով պայքարում է Արցախը հայկական պահելու համար, խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար:
Տարօրինակն այն է, որ, ըստ Թանդիլյանի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հիստերիան՝ կապված Ռուբեն Վարդանյանի Արցախում հայտնվելու շուրջ, համահունչ է:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև: