Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։
Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:
«Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ և 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից: Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1 100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է նամակում:
ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության․ «Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն»։
«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ասված է գրության մեջ:
Սա ՀՀ Ազգային ժողովի նախագահի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Ալեն Սիմոնյանն այս հարցով գործընկերներին դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին: