Ինչո՞ւ է Հայաստանում բացվում 13-րդ «բիոլաբորատորիան»․ «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Ի մասնավորի, տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում դրանց հավանական վտանգների մասին: Չնայած համապատասխան կառույցների ներկայացուցիչները նշում են, թե խոսքը նախկին սանէպիդկայանների լաբորատորիաների մասին է, որոնք վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե՝ ճիշտ է, դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, այդուամենայնիվ, մտահոգությունները դրանից չեն նվազում: Եվ ահա, տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անցած շաբաթ Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ:
Ավելին, ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Ի դեպ, պետք է նշել, որ Հայաստանում գործող լաբորատորիաներից ևս մեկն է գտնվում Գյումրիում, ընդ որում՝ դպրոցի մոտ: Հաշվի առնելով, որ բիոլաբորատորիաները, ինչ անուն էլ դրանց տրվի, աշխատում են ախտածին գործոնի հետ, այսինքն, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, մասնագետները անհանգստություն են հայտնում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների ստեղծման, փոփոխման կամ տարածման առումով: Ի դեպ, այս ֆոնին, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2023 թ. դրությամբ Հայաստանում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է:
Ավելին, առողջապահության ոլորտի մասնագետները անհանգստություն են հայտնում, որ այս ցուցանիշներին զուգահեռ՝ նույնիսկ սեզոնային «գրիպը» կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները մարդիկ սկսել են ավելի ծանր «տանել»: Թե որքանով են դրանք կապված նշյալ լաբորատորիաների հետ, դժվար է ասել, սակայն մասնագետները չեն բացառում բնակավայրերում տարբեր փորձերի իրականացման գործոնի ազդեցությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում