ՀՀ տնտեսության կախվածությունը տրանսֆերտներից նվազել է, ՌԴ-ից արվող փոխանցումների չափը՝ նույնպես․ ԿԲ նախագահի տեղակալ
EconoмицсԱյս պահին ռուսական միայն մի քանի բանկ է անջատվել SWIFT-ից, նույնիսկ սանկցիաների տակ հայտնված ոչ բոլոր բանկերն են անջատված այդ համակարգից, ռուսական բազմաթիվ բանկեր գործում են ոչ միայն առանց սանկցիաների, այլ նաեւ օգտվում են SWIFT-ից այնպես, ինչպես նախկինում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող պատերազմի հետեւանքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների տնտեսական հետեւանքներին։
Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է ռուսական ֆինանսական շուկաներում, սարսափելիի եւ նորմալի միջակայքում է։
Հայաստանում գործող միայն մեկ բանկ կա, որը պատժամիջոցների տակ է՝ «ՎՏԲ»-ն, բայց բանկի հայաստանյան մասնաճյուղի՝ «ՎՏԲ Հայաստան»-ի ներքին որեւէ գործարք դրա հետեւանքով չի կարող սահմանափակվել, միայն օտարերկրյա գործարքները, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում։
«Ամերիկյան ընկերությունների միջեւ գործարքներ չեն իրականացվելու, դոլարով ՎՏԲ բանկի միջազգային փոխանցումները որոշակի դժվարություններով եւ այլ օրինական ճանապարհներով կարող են իրականացվել։ Ներքին սպասարկման գործառույթները, ինչպես նախկինում, կատարվելու են»,- շեշտեց ԿԲ ներկայացուցիչը։
Հարցին՝ ինչ ծավալի կլինի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների դերը մեր ՀՆԱ-ում, ԿԲ նախագահի տեղակալը նկատեց՝ Հայաստանի տնտեսությունը տրանսֆերներից կախվածության իմաստով վերջին տասնամյակում իրավիճակը բարելավել է։
«Եթե վերջին տարիներին անձնական բնույթի փոխանցումները ՀՆԱ-ի 9% -ն էին կազմում, հիմա դա նվազել է 6%-ի, իսկ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստան եկող տրանսֆերների ավելի քան 70%-ն էր կազմում, հիմա մոտ 40% է կազմում։ Հետեւաբար, ինչ տեղի ունենա այնտեղ, պետք չի նույնչափ ազդեցություն սպասել այսօր»,- ասաց Խաչատրյանը։