Ինչպես կարող է աղիքային միկրոֆլորան ազդել մարդու վարքագծի վրա
E.coli մանրէի որոշակի շտամը կարող է ազդել կրծողների վարքագծի վրա եւ ստիպել մայրերին անտարբեր վերաբերվել իրենց երեխաներին: Նման եզրակացության են հանգել Սոլկի ինստիտուտի գիտնականները կրծողների վրա անցկացված հետազոտությունների ընթացքում:
News-medical.net-ը հայտնում է, որ այս եզրակացությունները, ըստ հետազոտության հեղինակների, ակտուալ են նաեւ մարդկանց համար, քանի որ միկրոֆլորայի եւ գլխուղեղի միջեւ կապը բազմիցս ապացուցվել է: Մասնավորապես, աղիքային միկրոֆլորան բազմիցս կապել են դեպրեսիայի, անհանգստության եւ աուտիզմի հետ:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ իրենց միկրոֆլորայում որպես O16:H48 MG1655 հայտնի E.coli շտամն ունեցող կրծողների ձագուկները ուշացումներ են ունեցել հասակում: Ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ մկնիկները պարզապես բավարար սնունդ չեն ստացել` չնայած նրանց մայրերի օրգանիզմը բավարար քանակությամբ նորմալ կազմով կաթ է արտադրել:
Խնդիրը, ինչպես պարզվել է, հենց մայրերի պահվածքի մեջ էր. եթե վերոհիշյալ շտամն առկա էր նրանց օրգանիզմում, նրանք վատ էին հետեւում մկնիկներին` անտեսելով նրանց կարիքները: Խնդիրը հաջողվել էր լուծել, երբ մկներին տվել էին IGF-1 աճի գործոնը կամ հեռացրել էին նրանց կենսաբանական մայրերից, եւ նրանց դաստիարակությամբ սկսել էին զբաղվել խորթ մայրերը: