Եվրոպայում կանաչ էներգետիկան սովորականից առաջ է անցել
2020-ին այլընտրանքային էներգիան Եվրոպայում արտադրության ցուցանիշով առաջին անգամ առաջ է անցել հանածո վառելիք օգտագործող սովորական էլեկտրաէներգիայից: Այս մասին ասվում է բրիտանական Ember հետազոտական կենտրոնի եւ գերմանական Agora Energiewende վերլուծական կենտրոնի զեկույցում, փոխանցում է «Լենտա»-ն:
Հիդրոէլեկտրակայաններին, հողմային, արեւային եւ կենսազանգված օգտագործող կայաններին բաժին է ընկել արտադրության 38.2 տոկոսը, իսկ ածխային եւ գազային կայաններին` 37 տոկոսը: Ածուխով աշխատող ՋԷԿ-երը տարվա ընթացքում կորցրել են 20 տոկոս, էներգետիկ հաշվեկշռում դրանց մասնաբաժինը 13 տոկոս էր: Գազային կայաններում արտադրությունը գների կտրուկ անկման ֆոնին այդքան էլ շատ չի նվազել` ընդամենը 4 տոկոսով: Ատոմակայանները արտադրության կրճատման տեսանկյունից պատմական առավելագույն են գրանցել` միանգամից 10 տոկոս:
Մինչդեռ քամու եւ արեւային էլեկտրակայանների գեներացումը 2015 թվականից ի վեր կրկնապատկվել է: Այս ոլորտում առաջատարներն են Դանիան (61 տոկոս), Իռլանդիան (35 տոկոս), Գերմանիան (33 տոկոս) եւ Իսպանիան (29 տոկոս):
Ember-ի ավագ վերլուծաբան Դեյվ Ջոնսը նշել է, որ քամու եւ արեւային էներգետիկայի արագ աճը թույլ կտա հրաժարվել ածուխից եւ գազից եւ փոխարինել փակվող ատոմակայանները: Սակայն, ըստ հետազոտության, ներկայիս տեմպերը բավարար չեն մինչեւ 2030 թվականը նպատակային ցուցանիշներին հասնելու համար, դրանք պետք է աճեն առնվազն երեք անգամ: