Խաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից»
ՏեսանյութերՋրի տակ ավելի քան մեկ կիլոմետր խորությունում գիտնականները հայտնաբերել են «դեղին աղյուսից ճանապարհ» հիշեցնող արտասովոր կառուցվածք։ Անսպասելի գտածոն հայտնաբերել է արշավախումբը Հավայան կղզիներում, պարզվել է, որ դա հազվադեպ երկրաբանական երեւույթ է։ Այս մասին տեղեկացրել է ScienceAlert պորտալը։
Հետազոտությունը կատարվել է Papahānaumokuākea Marine National Monument ծովային արգելոցում, որն աշխարհի ամենամեծ պահպանվող օվկիանոսային շրջաններից մեկն է, որի հատակի մեծ մասը մնում է չուսումնասիրված։
Լիլիուոկալանի ստորջրյա լեռան գագաթին E/V Nautilus հետազոտական նավի գիտնականները նկատել են տարօրինակ «չորացած» տարածք, որը ծածկված էր գրեթե ճիշտ ուղղանկյուն ձեւեր գոյացնող ճեղքերով։
Արշավախմբի անդամների խոսքով՝ դա նման էր սալարկված ճանապարհի։ «Սա Ատլանտիդա տանող ճանապարհն է»,- կատակել է հետազոտողներից մեկը հեռարձակման ժամանակ։
Սակայն երեւույթն ունի միանգամայն երկրային բացատրություն։ Օբյեկտը հիալոկլաստիտ է՝ հրաբխային ապար, որը ձեւավորվել է ուժեղ ստորջրյա ժայթքումների ժամանակ։ Երբ տաք լավան արագ սառչում է, դրա վրա ճաքեր են առաջանում, որոնք երբեմն ձեւավորում են երկրաչափորեն ճիշտ նախշեր։
Գիտնականները նշել են, որ «աղյուսե շարվածքը» ստեղծվել է տաքացման եւ սառեցման կրկնվող ցիկլերի միջոցով։ Արդյունքում՝ ապարում ճաքեր են առաջացել մոտ 90 աստիճան անկյան տակ՝ ստեղծելով արհեստական կառույցի պատրանք։
Չնայած տպավորիչ տեսքին՝ հայտնագործությունն օվկիանոսի հատակի միակ առեղծվածը չէ։ Հետազոտողների գնահատմամբ՝ մարդկությունը մինչ այժմ վիզուալ ուսումնասիրել է խորջրյա տարածքների միայն մի փոքր մասը՝ ընդհանուր մակերեսի մոտ 0.0006–0.001 տոկոսը։
Ինչպես նշել են գիտնականները, նման տարածքների ուսումնասիրությունն օգնում է ավելի լավ հասկանալ Երկրի երկրաբանությունը եւ կյանքը օվկիանոսի խորքերի էքստրեմալ պայմաններում։