Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Հնդիկ բժիշկները վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 97.8 հազար դեպք են գրանցել, ինչը երկրում օրական դեպքերի թվի ամենամեծ աճն է կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր, վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` Հնդկաստանը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է. երկրում գրանցվել է ավելի քան 5.11 միլիոն վարակման դեպք:
Վերջին օրվա ընթացքում անցկացված ավելի քան 1.13 միլիոն թեստերի արդյունքներով բժիշկները հիվանդությունը հաղթահարած ավելի քան 82.7 հազար մարդ են գրանցել: Կորոնավիրուսից առողջացած մարդկանց ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել է 4 միլիոնը:
Ավելի քան 1 միլիոն մարդ բուժվում է ստանում հիվանդանոցներում: Վերջին օրվա ընթացքում այս թիվն աճել է ավելի քան 14 հազարով: Մահվան դեպքերը գերազանցել են 83 հազարը, վերջին օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 1132 մարդ:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ էր հայտարարել: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` աշխարհում հայտնաբերվել է վարակման ավելի քան 29.1 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 926 հազար մարդ: