ԱՄՆ-ում անտառային հրդեհներից 28 մարդ է զոհվել
Առնվազն 28 մարդ է զոհվել ԱՄՆ-ի արեւմտյան ափին բռնկված հրդեհներից, հայտնում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով` զոհերի ամենամեծ թիվը` 19, գրանցվել է Կալիֆորնիայում: Ութ մարդ է զոհվել Վաշինգտոն նահանգում, եւս մեկը` Օրեգոնում: Նշվում է, որ զոհերի թվում կան երեխաներ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
AirNow սերվիսի տվյալները, որն օդի որակի մոնիտորինգ է իրականացնում, վկայում են այն մասին, որ Կալիֆորնիայի, Օրեգոնի, Վաշինգտոնի մեծ մասում եւ Այդահոյի որոշ հատվածներում ծխի պատճառով օդը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Շաբաթ առավոտյան հովացուցիչ, խոնավ օդը հրշեջներին թույլ է տվել որոշ չափով զսպել կրակի տարածումը: Նրանք պայքարում են 28 խոշոր անտառային հրդեհների դեմ, հայտնում է Կալիֆորնիայի անտառտնտեսության եւ հրդեհային դեպարտամենտը:
Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այցելել Կալիֆորնիա` անտառային հրդեհներից վնասը գնահատելու եւ տեղական եւ դաշնային պաշտոնյաների հետ հանդիպելու համար:
Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ նահանգապետերը կրում են մեղքի մի մասը վերջին տարիներին տեղի ունեցած բուռն հրդեհների համար` նրանց մեղադրելով անտառային տնտեսություններին վատ կառավարման մեջ: