Լատվիան 300 մլն եվրո կներդնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լատվիան առաջիկա հինգ տարվա ընթացքում 300 մլն եվրո կներդնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար։ Պաշտպանության նախարարության համապատասխան պլանը հաստատել է երկրի կառավարությունը:
Ծրագրերը նախատեսում են Լատվիայի արևելյան սահմանին տարբեր պաշտպանական օբյեկտների կառուցում, ներառյալ՝ զինվորների համար ամրացված դիրքեր, հակատանկային խրամատներ, ականապատում և այլ արգելապատնեշներ, ինչպես նաև զինամթերքի պահեստներ, հայտնել են Լատվիայի պետական ապարատից:
Գերատեսչությունն ընդգծել է, որ այդ պլանը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համատեղ նախաձեռնության մի մասն է՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան թևում պաշտպանության միասնական գիծ կառուցելու համար՝ Ռուսաստանի կամ Բելառուսի հնարավոր ագրեսիվ գործողություններից պաշտպանվելու նպատակով:
Բալթյան երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն կֆինանսավորի ամրությունների իր մասը՝ համաձայնեցնելով այդ աշխատանքը ՆԱՏՕ-ի երկրների ընդհանուր պաշտպանական քաղաքականության հետ։
Էստոնիան հայտարարել է, որ հաջորդ տարի կսկսի 600 բետոնե բունկերի կառուցումը երկրի արևելյան սահմանին:
2023 թվականի հունիսին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ասել է, որ Բեռլինը պատրաստ է Լիտվայում մշտապես տեղակայել Բունդեսվերի մոտ 4000 հոգանոց բրիգադը՝ երկու տանկային գումարտակով։