Ուկրաինայում հատուկ գործողության նպատակները փոխվել են․ Լավրով
ՄիջազգայինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության աշխարհագրական նպատակները փոխվել են, գրում է ՌԻԱ Նովոստին։
Սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողության նպատակն անվանել էր ապառազմականացումը։ «Այսինքն՝ որպեսզի Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգներ չլինեն, այն է՝ ռազմական սպառնալիքներ Ուկրաինայի տարածքից»,֊մասնավորեցրել է Լավրովը։
«Երբ Ստամբուլում տեղի ունեցավ բանակցողների հանդիպում, կար մեկ աշխարհագրություն, և ուկրաինական առաջարկն ընդունելու մեր պատրաստակամությունը հիմնված էր այդ՝ 2022 թվականի մարտի վերջի աշխարհագրության վրա։ Այժմ աշխարհագրությունն այլ է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, այժմ խոսքը ոչ միայն Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, այլև Խերսոնի շրջանի, Զապորոժիեի շրջանի և որոշ այլ տարածքների մասին է։ Դիվանագետն ընդգծել է, որ այդ գործընթացը «շարունակվում է հետևողականորեն և համառորեն»։
Լավրովը հավելել է, որ եթե արևմտյան երկրները Կիևին տրամադրեն հեռահար սպառազինություն, մասնավորապես ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգերը, ապա հատուկ գործողության աշխարհագրական նպատակներն էլ ավելի կմեծանան։