Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունը կարող է վերածվել միջուկային պատերազմի․ Մեդվեդև
ՄիջազգայինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մեծացնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի և բաց հակամարտության հավանականությունը։ Նրա կարծիքով՝ նման հակամարտությունը սպառնում է վերածվել լիարժեք միջուկային պատերազմի։
«ՆԱՏՕ-ի երկրների կողմից զենքի մատակարարումը Ուկրաինային, նրա զորքերի պատրաստումը արևմտյան տեխնիկայի օգտագործման համար, վարձկանների ուղարկումը և դաշինքի երկրների կողմից մեր սահմանների մոտ զորավարժությունների անցկացումը մեծացնում են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի և բաց հակամարտության հավանականությունը», - գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
«Նման հակամարտությունը միշտ ունի լիարժեք միջուկային պատերազմի վերածվելու վտանգ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ այս սցենարը աղետալի է լինելու բոլորի համար։ Իր հայտարարության վերջում նա հորդորել է Արեւմուտքին «մտածել իրենց գործողությունների հնարավոր հետեւանքների մասին»։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է երկրում ռազմական դրություն հայտարարել։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, որ ՌԴ իշխանությունները նման ծրագրեր ունեն։