Ուկրաինան չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա․ Ուկրաինայի ՊՆ
ՄիջազգայինՈւկրաինան չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա, Կիեւը կգնա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, սակայն երկիրը պատրաստ է բացարձակապես ցանկացած սցենարի, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Ոչ ոք չի կարող մտնել Կրեմլի ղեկավարների մտքերի մեջ եւ հստակ ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ կարող են լինել: Բայց մենք հաշվարկում ենք զարգացման բացարձակապես բոլոր սցենարները եւ պատրաստ ենք դրանց։ Այսօր շատ հայտարարություններ են հնչում, Մոսկվայից, նույնիսկ հնչում է, որ Ուկրաինան ծրագրում է հարձակվել Ռուսաստանի վրա։ Սա աբսուրդ է։ Մենք չենք պատրաստվում հարձակվել որեւէ մեկի վրա, բայց ամեն ինչ անում ենք պաշտպանությունն ամրապնդելու եւ էսկալացիայի հնարավորությունը բացառելու համար։ Մենք նախատեսում ենք գնալ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ես ձեզ ավելին ասեմ՝ հենց դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով տուն կվերադառնան Դոնեցկի մարզը Լուգանսկի հետ, եւ Ղրիմը Սեւաստոպոլի հետ: Այս ճանապարհի շնորհիվ է, որ մենք ունենք անհավանական քաղաքական եւ ռազմատեխնիկական աջակցություն մեր գործընկերներից, հենց այս ճանապարհի շնորհիվ է, որ Կրեմլը վերացրեց Ազովի լկտի շրջափակումը։ Հենց այս ճանապարհին հենվելով է, որ մենք հասնելու ենք Սեւ ծովի ջրերի ապաշրջափակմանը»,- ասել է ՊՆ ղեկավարը։
ԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնին նշել է, որ երկրում կա 420 000 ուկրաինացի զինվորական, եւ «յուրաքանչյուր հրամանատար, առանց բացառության, նայել է մահվան աչքերին»։