Սաակաշվիլին հայտարարել է, որ «չի մեռնի ի հեճուկս թշնամիների»
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից իր հերթական ուղերձում կոչ է արել իր կողմնակիցներին մոբիլիզացվել շաբաթ օրը Թբիլիսիում նախատեսված բողոքի ակցիային՝ հավելելով, որ չնայած երկարատև հացադուլին, ինքը «չի մեռնի ի հեճուկս թշնամիների», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես չգիտեմ, թե իմ հացադուլի որ օրը մեր հաղթանակ կտանենք, բայց ի հեճուկս թշնամիների, ես չեմ մեռնի և կսպասեմ ժողովրդի կողմից իմ ազատագրմանը: Հասարակությունն այսօր ավելի պատրաստ է արմատական փոփոխությունների, քան վարդերի հեղափոխությունից առաջ։ Ժողովուրդն ավելի առաջադեմ է, տեղեկացված և, որ ամենակարևորն է, համախմբված, քան այն ժամանակ»,-ասել է Սաակաշվիլին։
Քաղաքական գործիչը ողջունել է ընդդիմության որոշումը՝ միաժամանակ մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր անցկացնելու՝ ոստիկանական սահմանափակ ուժերը ցրելու նպատակով։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: