«Այսօր առավոտյան կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցվել է Ռուսաստանում». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը խնդրել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին մանրամասներ հայտնել դրա վերաբերյալ:
«Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-հավելել է Պուտինը:
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պետք է սկսել մոտ ժամանակներս, միևնույն ժամանակ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով:
«Հուսով եմ, որ մենք մոտ ժամանակներս կկարողանանք զանգվածային արտադրություն սկսել, ահա թե ինչն է կարևոր` այս դեղամիջոցի զանգվածային արտադրությունը»,-ասել է ռուս առաջնորդը:
Նրա խոսքով` դա պետք է, որպեսզի բոլոր ցանկացողները պատվաստվեն:
«Գիտեմ, որ նման պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ Ռուսաստանում աշխատում են նաև այլ հաստատություններում, բոլոր մասնագետներին հաջողություն եմ մաղթում, մենք պետք է երախտապարտ լինենք բոլոր նրանց, ովքեր արել են այս առաջին քայլը: Գլխավորը, իհարկե, այն է, որ մենք ապագայում կարողանանք ապահովել այս պատվաստանյութի անվտանգ օգտագործումն ու դրա արդյունավետությունը: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի»,-շարունակել է ՌԴ նախագահը:
Նախագահը շնորհավորել է բոլորին, ովքեր աշխատանք են տարել պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Նա նաև երախտագիտություն է հայտնել երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինին, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին և ընդգծել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի ներդրումը:
Պուտինը ճշտել է նախարարից, թե արդյոք աշխարհում որևէ այլ տեղ գրանցվել է նման պատվաստանյութ: Մուրաշկոն նշել է, որ պատվաստանյութեր են մշակվել Չինաստանում և մի շարք այլ երկրներում, սակայն այժմ դրանք գտնվում են կլինիկական հետազոտությունների փուլում:
«Փաստացիորեն, գրանցման վկայագիր առաջին անգամ Ռուսաստանում է տրվում»,-նշել է առողջապահության նախարարը:
Պուտինը, իր հերթին, հույս է հայտնել, որ այլ երկրներում նույնպես հաջողություններ կգրանցվեն պատվաստանյութերի մշակման գործում:
Ավելի վաղ Մուրաշկոն հայտարարել էր, որ Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են: