«Մեծ աչքերով նայում էր աչքերիս մեջ, ասում էր՝ մամա, ուզում եմ չարություն չանեմ, բայց չեմ կարող խելոք մնամ». 20-ամյա Արսենը զոհվեց հանուն հայրենիքի
Արսեն Ռուբիկի Աբրոյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, ընտանիքի կրտսեր զավակն է (ունի 1 քույր, 1 եղբայր): Արսենը ժամկետային զինծառայող էր, հաշված օրեր էին մնացել, որ համալրեր զորացրվածների շարքերը:
Ժամկետային զինծառայողը մինչև պատերազմը ծառայել է Սյունիքի մարզի Ագարակի զորամասում, թեժ մարտերի ընթացքում եղել է Արցախի Ջրականի՝ Ջաբրայիլի զորամասում: 20-ամյա զինծառայողը զոհվել է թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ:
Արսեն Աբրոյանի մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ Արսենը Ագարակում աչքի ընկնող զինվոր է եղել. «Ապրիլին կայացած զորավարժությունների ժամանակ իմ տղան առաջին տեղն է գրավել, բայց էնքան համեստ բնավորություն ուներ, որ մենք իր բարձր ցուցանիշի մասին իմացել ենք իր ընկերոջից: Իմ տղան շատ ակտիվ, կենսախինդ, ուրախ երեխա էր… չարաճճիություն էլ ուներ»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը:
Ժամկետային զինծառայողը հոկտեմբերի 5-ից եղել է Ջաբրայիլում, մասնակցել թեժ մարտերին: Ընտանիքի անդամներին չի պատմել, որ իրեն տեղափոխել են և պատերազմի է մասնակցում: Հրադադարից հետո Արսեն Աբրոյանի ծնողները կապ են հաստատել իրենց որդու հրամանատարի հետ: Հրամանատարն ասել է, որ Արսենը հերոս է, խոստացել է, որ զինվորի ծնողներին տեսնելիս անպայաման կպատմի Արսենի սխրանքների մասին:
Ժամկետային զինծառայողի մայրն ասում է՝ հպարտությունս ու ցավս խառնվել են իրար:
«Ներքին հպարտություն եմ զգում, որ որդուս ճիշտ եմ դաստիարակել, բայց որ մամայի սրտին էլ հարցնեք, կասեի՝ բալես, թող չգնայիր: Ես իմ տղայի սխրանքը այսպես եմ մեկնաբանում՝ հայրենիքն ուներ Արսենիս կարիքը, իսկ ոնց կարելի է չպաշտպանել հայրենիքը:
Միշտ կապի մեջ էինք, ընդամենը մեկ օր չկարողացանք խոսել, այդ օրը չարաբաստիկ դեպքի օրն էր՝ հոկտեմբերի 10-ը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է տիկին Անժելան:
«Զուսպ, համեստ, խոհեմ, շատ գիտեցող, բայց քիչ խոսող էր իմ Արսենը: Սիրում էր, որ տունը շեն լինի:
Արսենը փոքր ժամանակ էնքան չարաճճի էր, որ իրեն անընդհատ վնասներ էր տալիս: Ես իր վրա ձայնս չեմ բարձրացրել, ոչ էլ խփել եմ: Ես լաց էի լինում, ասում էի՝ Արսեն, ախր ես մեղք եմ, ինչո՞ւ խելոք չես մնում: Մեծ աչքերով նայում էր աչքերիս մեջ, ասում էր՝ մամա, ուզում եմ չարություն չանեմ, բայց չեմ կարող խելոք մնամ:
Ես մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, որ տեսներ դույլը մի տեղից մյուսն եմ դնում, վիրավորվում էր, ասում էր՝ մամա, դու մի արա, ես կանեմ:
Ամեն օր ժամանակ կգտներ, որ զանգեր ասեր՝ մամա, բարի գիշեր, ես լավ եմ, հանգիստ քնի:
Վերջին անգամ, որ հետը խոսեցի, ասաց՝ մամա, ինձ հարյուր օր է մնացել, ու կգամ տուն: Ասում էր՝ մամ, ես կզորացրվեմ կգամ, ես ու ախպերս պապայի հետ թև-թիկունք կլինենք, ամեն ինչ կանենք:
Մտածում էր զինվորական դառնալու մասին… Արսենս բարձրահասակ էր, թիկնեղ. իրեն գեներալ էինք ասում:
Իմ երեխաները իրար հետ սիրով են եղել, իրենք իրար հայացքով էին հասկանում»,- շարունակում է հերոսի մայրը:
Տիկին Անժելան ասում է՝ հերոսի մայր լինելը հպարտություն է, չնայած որ ես իմ Արսենով միշտ եմ հպարտացել. «Ես հերոսի մամա եմ ու ցավս էլ պետք է պատվով տանեմ, իմ տղեն իրոք հերոս է եղել: Ես իմ երեխուն ճիշտ եմ դաստիարակել, բայց երբ նայում եմ ներկա իրավիճակին, ասում եմ՝ Արսեն, արժե՞ր անմեղ կյանքիդ գնով: Ես երբ երեխեքիս հետ դուրս եմ եկել, ինձ աշխարհի ամենաերջանիկ մաման եմ զգացել»:
Անահիտ Չալիկյան