«Զանգեզուրի միջանցք», թե՞ «խաղաղության խաչմերուկ»․ Սյունիքում անհանգիստ են
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Որքան «Զանգեզուրի միջանցքի» թեման դառնում է լեգիտիմ, այնքան սյունեցիների մոտ ավելանում են մտահոգությունները։ Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանը MediaHub-ին ասում է, որ Սյունիքի ժողովուրդն ավելի շատ վախենում է, որ Արցախի օրինակով իրենց ևս սպասվում է շրջափակում, որ մարզը կարող են կտրել Հայաստանի մյուս բնակավայրերից ու մայրաքաղաքից։
«Ադրբեջանից հնչող սպառնալիքները նոր բան չեն մեզ համար։ Դեռ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո փորձագիտական շրջանակներն ու լրատվական դաշտը հիմնականում խոսում էր մի բանի մասին, որ հայկական 2-րդ հանրապետությունում տեղի ունեցածի ալիքն ամբողջությամբ կտեղափոխվի Սյունիք։ Եվ այդպես էլ եղավ․ հետպատերազմյա Սյունիք, հանձնված տարածքներ, Սև լիճ, Շուռնուխից ու Որոտանից հանձնված տներ, թշնամուն հանձնված ռազմավարական 3 ճանապարհներ՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ, Փայլասարի հանձնված դիրքեր»,- ասաց մեր զրուցակիցը։
2020 թվականից հետո, երբ Ադրբեջանին հանձնվեցին այդ ճանապարհները, առաջին անգամ Սյունիքի մի շարք բնակավայրեր հայտնվել էին բլոկադայի մեջ։ Անուշի խոսքով՝ այստեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Խաղաղ բնակչությունն օրերով զրկված է եղել ազատ տեղաշարժի իրավունքից, գյուղերից քաղաք գնալը, առողջապահական ծառայություններից օգտվելը դարձել էր օրհասական։ Անգամ հացը գյուղեր էր հասցվում մեծ դժվարություններով։
«Սյունեցիները մտահոգված են «Զանգեզուրի միջանցքից» ու «Խաղաղության խաչմերուկից»։ Համատարած անորոշություն է․ մեկն ասում է՝ «միջանցքը գործելու է», մյուսն ասում է՝ «դրա համար կա խաղաղության խաչմերուկ»։ Մենք անորոշության մեջ ենք, կա չիրազեկվածության խնդիր․ որտեղո՞վ է անցնելու միջանցքը, կամ ո՞րն է խաղաղության խաչմերուկը, ո՞վ է այն վերահսկելու, արդյո՞ք ռիսկերը հաշվի են առնվել, ոչ ոք չգիտի»։
Սյունեցիների մտահոգությունները շատ են։ Մեր զրուցակիցն ասում է, որ Ալիևի հայտարարություններից հետո մարդկանց հիմնական մտավախությունը շարունակում է մնալ շրջափակումը։
«Իրենք տեսել են Արցախում կատարվածը, հաղորդակից են եղել արցախցիների ցավին, ապրումակցել են նրանց։ Հիմա վախենում են, որ նույնը կարող է կրկնվել նաև իրենց հետ։ Այսինքն, և՛ բլոկադայի, և՛ պատերազմի վախ կա։ Բացի այդ, կա նաև վարկած, որ ադրբեջանցիները կարող են շատ հանգիստ առաջ գալ, դիրքավորվել մեր երկրում ու լցվեն մեր մեջ»,- ասաց նա։
Անուշի խոսքով՝ Հայաստանում կարծրատիպ կա, թե սյունեցիները կողմ են միջանցքին՝ առևտրային հարաբերությունների ու տնտեսական աճի համար։ Սակայն, իրավիճակը փոխվել է Արցախի հայաթափումից հետո։
«Հիմա նույնիսկ ամաչում են այդ մասին բարձրաձայնել, որովհետև հասկացել են՝ Ադրբեջանի ուզածը խաղաղությունը չէ, այլ Սյունիքի հողը, որը նրանք ադրբեջանական են համարում»։
Ինչ վերաբերում է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությանն ու դաշնակից մյուս երկրների օգնությանը, ապա «եթե նախկինում Սյունիքում գեներացված էր այն միտքը, որ Իրանը կօգնի մեզ, ապա ներկայում իրավիճակ է փոխվել»։
«Մարդիկ հասկացել են, որ յուրաքանչյուր երկիր իր շահն է առաջ տանելու։ Այս դեպքում Իրանի վրա այլևս ոչ ոք հույս չի դնում»,- եզրափակեց Անուշ Միրզոյանը։
Հունան Թադևոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ