Ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ սեպտեմբերին ռուբլին կտրուկ անկում կունենա, և դա կազդի ՀՀ տնտեսության վրա․ Դավիթ Անանյան (տեսանյութ)
ЭкономикаՀայաստանի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսությանը փոխկապակցված է հինգ ուղղությամբ, և բոլոր այդ ուղղություններով, տրանսֆերտներ և այլն, Հայաստանի վրա ազդեցություն կունենան Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Այդ պատժամիջոցներով պայմանավորված մի քանի սցենար կա, օրինակ մեկն այն է, որ առաջիկա 3–5 տարում ՌԴ–ի նկատմամբ սանկցիաներն աստիճանաբար են վերանալու, հետևաբար, ռուսական բիզնեսի միգրացիան առնվազն 3–5 տարի կմնա Հայաստանում։
Այս մասին Tert.am–ի «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու, բիզնես և ֆինանսական խորհրդատու Դավիթ Անանյանը։
«Ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված, կարծում եմ, սեպտեմբերին ռուբլին կտրուկ անկում կունենա, և դա կազդի ՀՀ տնտեսության վրա»,-ասաց Դավիթ Անանյանը։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը և դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, ապա Դավիթ Անանյանն ասաց, որ հավասարակշիռ լինելու համար նախ պետք է ասել, որ ցանկացած ապաշրջափակում տնտեսությանը որոշակի լավ ազդակներ հաղորդելու է, բայց նախ պետք է փորձել պարզել, թե Կառավարությունը ապաշրջափակման արդյունքում ինչիպիսի տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնի, ինչպիսի կանխատեսումներ ունի և ինչպիսին է պատկերացնում տնտեսական կառուցվածքը մոտ և միջնաժամկետ հեռանկարում, որպեսզի պատկերացնենք, թե արդյո՞ք այդպիսի գնահատականներն արդարացի են, որ երկու տարի անց ՀՆԱ աճը կկազմի 30 տոկոս։
«Եթե մենք ասում ենք, որ ապաշրջափակումը նոր լոգիստիկ ուղիներ, բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների առումով կէժանացնի ապրանքների ինքնարժեքը, ես այստեղ որոշակի վերապահում ունեմ, որովհետև ապաշրջափակման այն ուղիները, որոնք նշում են այսօրվա իշխանությունները, որոնք լինելու են մեր երկրի հարավում, դրանք մեծ բեռնափոխադրումների հոսքեր Հայաստանի կողմից չեն ենթադրում, և բեռնափոխադրումներով զբաղվող մասնագետներն ասում են, որ առավելապես Հայաստանին ձեռտնու է հյուսիսային ուղիներով դեպի Ռուսաստան ու դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հոսքը տեղափոխելը», -ասաց Անանյանը։