Եթե մենք չունենանք երկնիշ տնտեսական և որակական աճ, մարդիկ աղքատանալու են. Միքայել Մելքումյան
ЭкономикаՀայաստանը մեծ կախվածություն ունի ներկրումից, իսկ դրամի արժեզրկումն իր հերթին հանգեցնում է ներկրվող ապրանքների թանկացմանը: Տնտեսագետների կանխատեսմամբ՝ Հայաստանում պարենի դեֆիցիտ չի լինի, փոխարենը պարենի երկնիշ գնաճ կգրանցվի:
Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ, ում համոզմամբ գնաճը միայն Հայաստանում չի դիտվում, այլ ամբողջ աշխարհում.
«Հայաստանը տնտեսական բովանդակությամբ փոքր երկիր է, հետևաբար, ավելի մեծ երկրների տնտեսական ազդեցության տակ է, հիմնականում՝ Ռուսաստանի: Այսինքն՝ Ռուսաստանում գործընթացներն ինչպես գնան, ինչ-որ բանաձևերով վաղ, թե ուշ ազդելու են մեզ վրա: Իհարկե, այստեղ որոշակի անելիքներ ունի Կենտրոնական բանկը, որովհետև Սահմանադրությամբ գնաճը, գների և ֆինասական կայունության ապահովումն իր ֆունկցիան է: Բայց այստեղ խնդիրը միայն գնաճը չէ, այլ նաև մարդկանց եկամուտները: Եթե մենք չունենանք երկնիշ տնտեսական և որակական աճ, որը կբերի մարդկանց եկամուտների աճի, բնականաբար, մարդիկ աղքատանալու են, որովհետև առանց այն էլ աշխարհի հայերի ընդամենը 18 տոկոսն է Հայաստանում ապրում, այսինքն՝ Հայաստանը հայերի համար ապրելու համար գրավիչ երկիր չէ: Հիմա մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի Հայաստանն օգտվի ռուս-ուկրաինական կոնֆլիկտից, քանի որ այս պահին մոտավորապես 25 հազար Ռուսաստանի քաղաքացի է եկել մեր երկիր: Մենք պետք է կարողանանք ճիշտ ընդունել նրանց, որ նրանք էլ ներդրումներ անեն: Հայաստանը պետք է իր դռները բացի բոլոր տիպի ներդրումների համար, չնայած՝ պատերազմող երկրում ներդրում քիչ են անում, դա էլ պետք է ընդունենք:
Տնտեսագետի կարծիքով՝ պարենի դեֆիցիտ, այնուամենայնիվ, չի լինի, բայց փոխարենը կաճեն գները.
«Մենք մեծ ծավալով սպառող բնաչություն չունենք: Եթե ցորենի մասով խոսենք, արտադրության կեսը՝ մոտ 500 հազար տոննա մենք ապահովում ենք, մյուս կեսն էլ Ռուսաստանից կբերենք՝ որպես ռազմավարական գործընկեր: ՀՀ-ում կա 200 հազար հա չմշակվող ցանքատարածք, թող պետությունը ամեն հա-ի մասով 150-200 հազար դրամ տա գյուղացուն, որ գյուղացին սկսի դա մշակել և ապահովի մեր պաշարները: Գները կաճեն, բայց պարենի դեֆիցիտ չեմ կարծում՝ լինի»:
Մարիամ Նալբանդյան