Վճռական մարտը` Երևանում. «Գորշ կարդինալին» սպասելիս
ПолитикаԵրևանի քաղաքապետարանի համար «մարտերը» դեռ չեն սկսել, բայց ապագա օպոնենտները արդեն ուրվագծվում են։ Իհարկե, «կինդեր սյուրպրիզները» դեռևս չեն բացառվում, բայց թևերից մեկում ամեն ինչ ավելի քան հստակ է` իշխանական բևեռի դրոշակը վերցրել է Տիգրան Ավինյանը։
Ավինյանը բավականին հայտնի, բայց, միաժամանակ, մութ կերպար է։ Համարվում է իշխանության գորշ կարդինալը, մերթ ընդ մերթ ամենածավալուն գործարքներում հնչում է իր անունը ու... վերջ։ Չի խոսում, գրառումներ չի անում, սկանդալիստ չէ, բայց իշխանության ներսում մեծ կշիռ ու ազդեցություն ունի։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ իշխանության համար այս կենաց մահու կռիվը հենց նրան է վստահվել։
Իսկ որ սա իշխանության համար կենաց մահու կռիվ է` աներկբա է։ Իշխանության` ժամ առ ժամ գահավիժող վարկանիշի, ուկրաինական ճգնաժամի հետևանքով ուրվագծվող տնտեսական աղետի և օրեցոր երկրում խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին «գորշ կարդինալի» մուտքը ակտիվ խաղի մեջ մի բան կարող է նշանակել։ Երևանի քաղաքային ընտրությունները այլևս մունիցիպալ ընտրություններից դառնում են վճռորոշ ճակատամարտ։
Կամ իշխանության նավը կխորտակվի, կամ խարիսխ կգցի Երևանում` նոր ուժային կենտրոններով ու նոր խաղացողներով։
Արտակ Սարգսյան