Առանց պաշտոնի մնացած կարկառուն ՔՊ-ականների շրջանում դժգոհություն է հասունանում
ПолитикаՎերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ ռոտացիա է իրականացնում ՔՊ-ական պաշտոնյաների շարքում` մեկ ՔՊ-ականին փոխատեղելով մյուսով։ Ակնհայտ է, որ Փաշինյանական ոճով արվող այդ ռակիրովկաները այնքան էլ ՔՊ-ականների սրտով չեն, և մի շարք նախկին պաշտոնյաներ, կարծես, լուրջ նեղսրտել են Փաշինյանից և թիմից։
Դիցուք` ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանը, ում աշխատանքից Փաշինյանը դժգոհ էր և վերջինիս փոխարեն ՊՎԾ-ում իր աչքեր կարգեց Ռոմանոս Պետրոսյանին։ Ուլիխանյանը վերջին շրջանում հարցազրույցներ է տալիս, որոնք անչափ ուշագրավ են իրենց շեշտադրումներով։ Նա շեշտում է, որ նոր պաշտոնի նշանակվելու սպասումներ, իհարկե, կան, սակայն դեռևս որևէ հստակություն չկա։ Թերևս այսպիսով Ուլիխանյանը իր ակնկալիքներն էր փորձում հասցնել Փաշինյանին:
Սիսիանում ևս կրքերը սրվել են՝ ՔՊ-ականները բաժանվել են երկու ճամբարի: Կռիվը քաղաքապետի աթոռի շուրջ է: Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։ Այլ դժգոհ մարդիկ էլ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Ավագյանը այս ընթացքում մի շարք ուշագրավ Ֆեյսբուքյան գրառումներ է արել։
Այսինքն, մի կողմից Ավագյանը կիսում է այն կարծիքը, որ ՀՀ քաղաքական դաշտը պետք է առողջացնել՝ դիցուք ՔՊ-ականների մեծ մասը նման կարծիքի չեն, ավելին, նա դեռ հայտարարում է, որ Մարտի 1-ի կազմակերպիչները չեն պատժվել, այսինքն Փաշինյանը թերացել է այս կարևոր հարցում և չի կատարել ժողովրդին տված իր խոստումը:
ԱԻՆ նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը դեռևս նույնպես նոր պաշտոնի չի արժանացել։ Փաշինյանը ազատեց վերջինիս Շիրակի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ֆիասկոյից անմիջապես հետո։ Սարուխանյանն էլ բավական ուշագրավ և երկիմաստ գրառումներով է հանդես գալիս։ Ահա այստեղ նա հերքում է մամուլում առկա տեղեկությունը, որ ՔՊ գլխի տակ փափուկ բարձ դնելու պատճառով վերջինս հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում և նույնիսկ բերման է ենթարկվել։
Բացի այդ Սարուխանյանը բավականին խոհափիլիսոփայական գրառում էր արել պաշտոնից հեռանալուց հետո:
Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնից ազատվելուց հետո աշխատում է ստվերում մնալ և զբաղվել սեփական կլինիկայի գործերով։ Շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանը յուրային Ղուկասյանին առանց պաշտոնի չի թողնի, սակայն, նախկին մարզպետի մոտ դեռևս սպասողական վիճակ է։ Իսկ այդ վիճակում նա բավականին ուշագրավ և կրկին երկիմաստ գրառումներ է անում։ Դիցուք` այս գրառումից այնքան էլ չի հասկացվում, թե ում նկատի ունի Ղուկասյանը` այսպես ասած նախկիններին, թե սեփական թիմակիցներին, քանի որ գրառման մեջ նկարագրված վարքագծով նաև վերջիններս են աչքի ընկել:
Գաղտնիք չէ, որ առողջապահության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո ավելի բարձր պաշտոն ստանալու ամբիցիաներ են նկատվում նաև Արսեն Թորոսյանի մոտ։ Վերջինս անգամ ինքնաառաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնում, սակայն, Նիկոլ Փաշինյանը հասկացրել էր, որ նման առատաձեռնություն իրենից ակնկալել չարժի։ Դրանից հետո Թորոսյանը յուրային սորոսական ՀԿ-ի միջոցով սուր քննադատության էր արժանացրել գործող նախարար Ավանեսյանին` թիթեռ նկարելու և ոչ պատշաճ որակի աշխատանք կատարելու համար, ձեռքի հետ էլ քննադատելով Փաշինյանին, որ չի ազատվում նման կադրից։
Իհարկե, ՔՊ-ում Փաշինյանի կադրային քաղաքականությունից դժգոհ նախկին պաշտոնյաների թիվը շատ ավելի մեծ է, նրանք փորձում են թեկուզ ոչ ուղղակիորեն, սակայն հասկացնել քաղաքական թիմի ղեկավարին, որ դեռևս ունեն կարիերան բարձր պաշտոններում շարունակելու ակնկալիքներ, ձեռքի հետ էլ ինչպես ասում են` թեթևակի շանտաժ են անում՝ երկիմաստ հարցազրույցներով և գրառումներով: Հարցը նրանում է, թե արդյո՞ք Փաշինյանը կտրվի թիմակիցների այս շանտաժին, կտա՞ նրանց նոր պաշտոններ, թե ոչ...