«Աղջկաս ծնունդով իմ պայքարը նոր շեշտադրում ստացավ». 32-ամյա փոխգնդապետի կինը՝ հերոս ամուսնու եւ իրենց առաջնեկի մասին
Երեխա ծնվեց, ուրեմն կյանքը շարունակվում է… Վանաձորցի Հովակիմյանների ընտանիքի համար 41 օրական Մարիան դարձել է միակ սփոփանքը և ապրելու ուժը: Ասում են՝ Մարիայի ծնվելով կյանքը փոխվեց, բայց ոչինչ չի կարող առաջվա նման լինել:
32-ամյա փոխգնդապետ Արա Հովակիմյանը չհասցրեց տեսնել իր առաջնեկին՝ Մարիային: Նա ծնվեց հոր զոհվելուց մեկ ամիս անց:
«Մեր աղջիկը ծնվել է դեկտեմբերի 19-ին, ամուսինս չհասցրեց տեսնել մեր նորածին աղջկան և կատարել իր հայրական պարտականությունները: Շատ էինք սպասում մեր բալիկին… մենք միասին էինք ընտրել Մարիա անունը:
Պատերազմը հասավ բոլորի ընտանիքներին. չկա ընտանիք, որ կորուստ չունենա, պատերազմը որբացրեց շատ երեխաների, շատ ընտանիքներ քանդեց, բոլորիս կյանքում փոփոխություններ և նոր իրավիճակ ստեղծեց: Երեխաները, որոնք ծնվեցին պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, մեր առաջ շարժվելու ու պայքարի հույսն են: Հայրերը զոհվեցին հանուն իրենց ընտանիքների և երեխաների, և դա մայրերին պարտավորեցնում է, որ իրենց երեխաներին դաստիարակելիս հոր պարտականությունները ևս կատարեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արա Հովակիմյանի կինը՝ Աղավնի Էվոյանը:
32-ամյա փոխգնդապետ Արա Հովակիմյանը ծնվել է 1988թ.-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, սպայական ծառայության է անցել Բաղանիսում, եղել է Բաղանիսի գումարտակի հրամանատար:
Պատերազմի ժամանակ տեղափոխվել է Արցախ՝ Կուբաթլու, մասնակցել թեժ մարտերին՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների գրոհները: Արա Հովակիմյանն իր ծառայակից ընկերների հետ զոհվել է հոկտեմբերի 20-ին Սանասարում թեժ մարտերի ժամանակ:
Աղավնին ասում է՝ շատ երազանքներ ուներ ամուսինը. ուզում էր գնդապետի կոչում ստանալ, շարունակել ծառայությունը… մնացած երազանքները ընտանիքի հետ էին կապված:
«Անձնվիրաբար ծառայում էր, սիրահարված էր իր մասնագիտությանը, ամեն րոպեն ապրում էր իր ծառայությունով: Զինվորականի մասնագիտությունն ամուսնուս ընտանիքում գեներով էր գալիս: Արայի համար միշտ առաջնայինը հայրենիքն էր, հայրենիքը ամեն ինչից վեր էր սիրում և ընկալում»,- շարունակում է հերոսի կինը:
Արա Հովակիմյանի կնոջ բնորոշմամբ՝ ամուսինն ընկերասեր էր, բարի, բոլորի հանդեպ սիրով էր տրամադրված:
Աղավնի Էվոյանն ասում է՝ հպարտ է, որ հերոսի կին է, բայց առհասարակ զգացողությունները հնարավոր չէ բացատրել կամ նկարագրել.
«Գալիս է մի պահ, երբ մտածում ես, որ ավելի լավ է կողքիդ լիներ, քան հերոս… բայց դե իմ դեպքը միակը չէ: Հուսահատության պահերին ինձ առաջ մղողն իմ աղջիկն է, իմ ընտանիքը, ինձ հարազատ մարդիկ, ովքեր այս պահին իմ կողքին են:
Աղջկաս ծնունդով իմ պայքարը նոր շեշտադրում ստացավ, հիմա ամբողջ պատասխանատվությունը ընկած է իմ ուսերին. ես պետք է և՛ մայրական, և՛ հայրական պարտականությունները կատարեմ: Երեխաս մեղավոր չէ, որ այսպես ստացվեց, աղջիկս երբ մեծանա, հպարտանալու է, որ հերոսի աղջիկ է:
Կուզեի ընդհանրապես այս պատերազմը չլիներ, որ մենք ազգովի չապրեինք այս ցավը: Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը, ով էլ կորուստ չուներ, ցավում էր, որովհետև դու հայ ես, ուրեմն կապրես դիմացինիդ ցավով»,- եզրափակում է արցախյան պատերազմում զոհված սպայի կինը:
Անահիտ Չալիկյան