Եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն, արդեն ծանրացած տնտեսական ճգնաժամը պատերազմից պակաս վտանգավոր չի լինի. Կարեն Ադոնց
Ունենք փոքրաթիվ բյուջե, և՛ ռազմական, և՛ սոցիալական ծախսեր, որոնք պետք է սպասարկենք, և հիմա մենք մեր բյուջեի դեֆիցիտը արդեն բարձրացրել ենք, ենթադրում եմ, որ պարտք- ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 70 տոկոսի, հետագայում պարտք վերցնելը կդժվարանա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ անդրադառնալով տնտեսական ընթացիկ վիճակին:
«Արդեն իսկ տնտեսությունը գտնվում էր վատթարագույն վիճակում, պատերազմից հետո ավելացել են ռազմական, սոցիալական լրացուցիչ ծախսեր, որովհետև շատ մարդիկ զրկվել են իրենց տներից, ինչպես նաև՝ վիրավոր զինվորների աջակցությունը, և այդ ամենը դրվում է տնտեսության վրա, որը փակում է մեր զարգացման հեռանկարը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ապագայում տնտեսական զարգացմանը, Կարեն Ադոնցի կարծիքով՝ այս ուղղությամբ կառավարության կողմից գործնական որևէ քայլ չի արվում, որպեսզի տնտեսական ակտիվության հեռանկար լինի:
«Այս պայմաններում, երբ չկան ներդրումեր, աշխատատեղեր և տնտեսական զարգացում, մարդիկ երկրից գնալու են, և դա ֆինանսական առումով հարվածելու է մեր երկրին, որովհետև եթե դոլար, ռուբլի փոխանակեն և գնեն, բարձրացնելու են արտարժույթի պահանջարկը, որն էլ իր հերթին թուլացնելու է դրամը, և այդ ճնշումները բերելու են գնաճի»,- նշեց տնտեսագետը:
Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի այն հայտարությանը, որ Թուրքիայից արգելվող ապրանքատեսակների բացակայությունը կարող է նոր հնարավորություն տալ տեղական արտադրողներին` տնտեսագետը նշեց, որ նոր արտադրանք ստեղծելու համար պետք է նվազագույնը մեկ տարի, սակայն նույն ապրանքը նույն գնով, միգուցե՝ ավելի մատչելի, կարող են ձեռք բերել այլ երկրից:
«Չկա ապրանք, որ Չինաստանը չի արտադրում, եթե ոչ ավելի մատչելի, գոնե՝ հավասար գներով, ու միակ տարբերությունը տրանսպորտային տարբերությունն է: Ռուսաստանից և այլ երկրներից ևս կարող են այդ ապրանքները լրացնել, իսկ որպեսզի հայկական արտադրողները կարողանան նման ապրանք արտադրել, պետք է մշակվի նոր քաղաքականություն:
«Ես առաջարկել եմ, որ փոխեն տնտեսության կառավարման բնույթը ու տնտեսական լուրջ քաղաքականություն սկսեն: Այդ առաջարկը իմ ֆեյսբուքյան էջում ես հրապարակել և առաջարկել եմ վարչապետին, որ այդ ծրագիրը իրագործվի, քանի որ այն կարող է բացել նոր շուկաներ, և կսկսենք այդ շուկաների հետ համագործակցել: Ծրագրով նաև առաջարկվում է կոնկրետ քայլեր՝ ինչ անել, որպեզի մեր արտադրողների մրցունակությունը բարձրանա, որը պետք է անել շատ արագ»,- նկատեց տնտեսագետը:
Հարցին, թե արդյոք առաջարկն իշխանության կողմից արձագանք ստացել է, Կարեն Ադոնցը նշեց, որ մինչ այժմ հնչած առաջարկները հաշվի չեն առնվել, սակայն այս իրավիճակում, եթե քայլեր չձեռնարկվեն, այն տնտեսական ճգնաժամը, որն արդեն ծանրացել է, պատերազմից պակաս վտանգավոր չի լինի.
«Պետք է կտրուկ քայլեր անենք, եթե մենք մոտենանք դեֆոլտին, և արտագաղթը թափ հավաքի, գնաճ սկսվի, թոշակները չկարողանանք վճարել, տնտեսական զարգացման հեռանկար չլինի, պարզ է, չէ՞, թե ինչ կարող է լինել»,- եզրափակեց տնտեսագետը: