Եթե Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվի, Կանադայի համար հեշտ չի լինի. Թրյուդո
InternationalԵթե հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում, դա «հետքայլ» կլինի, որը կբարդացնի Կանադայի կյանքը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ձախակողմյան կենտրոնամետ լիբերալ Թրյուդոն, որն իշխանության է եկել 2015 թվականի նոյեմբերին, դժվար հարաբերություններ ուներ Թրամփի հետ, երբ վերջինս նախագահ էր։ 2018 թվականին Թրամփը Թրյուդոյին մեղադրել էր թույլ և անազնիվ լինելու համար, գրում է reuters.com-ը։
«Առաջին անգամ (Թրամփի պաշտոնավարումը-Խմբ.) հեշտ չէր, և եթե երկրորդ անգամ լինի, դա նույնպես հեշտ չի լինի», - ասել է Թրյուդոն Մոնրեալի առևտրի պալատի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ:
Կանադան իր ապրանքների և ծառայությունների արտահանման 75%-ն ուղղում է Միացյալ Նահանգներ և հատկապես խոցելի է դեպի պրոտեկցիոնիզմ ԱՄՆ-ի ցանկացած շրջադարձի նկատմամբ:
Երբ Թրամփը եկավ իշխանության, նա խոստացավ վերանայել ազատ առևտրի պայմանագիրը, որը կապում էր Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան: Օտտավան գրեթե երկու տարի անցկացրեց բանակցություններում՝ ստեղծելու եռակողմ պայմանագիր, որը հիմնականում պաշտպանում էր Կանադայի շահերը: