Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
ՄշակույթԿայացել է ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի 19-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում 2025 թվականին իրականացված հնագիտական պեղումների 14 հաշվետվություններ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մասնավորապես՝ հանձնաժողովին են ներկայացվել հետևյալ հնավայրերում և հուշարձանների տարածքներում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները՝
ՀՀ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի ջրածածկման գոտում գտնվող Կապս-1 և Կապս-2 հնավայրերում, ինչպես նաև նորահայտ քարայրներում,
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում գտնվող մ.թ.ա. II հազարամյակով թվագրվող բնակատեղիում,
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում գտնվող Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբում,
ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավանում գտնվող նորահայտ միջնադարյան ժայռափոր համալիրում,
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում գտնվող Նորավանք վանական համալիրում,
ՀՀ Արագածոտնի մարզի Աղցքի արքայական դամբարանում,
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Սբ. Շողակաթ եկեղեցու հարևանությամբ գտնվող միանավ բազիլիկի (Սբ. Մարիանե) շրջակայքում,
ՀՀ Շիրակի մարզի Ազատանի բրոնզ-երկաթեդարյան հնավայրի ամրոցի և երրորդ դամբարանադաշտի տարածքներում,
ՀՀ Լոռու մարզի Հաղպատում գտնվող «Կայանբերդ» ամրոցում և այլ հնավայրերում։
Քննարկումների արդյունքում միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված բոլոր 14 հաշվետվություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ