Պետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր Ավետիսյան
ՔաղաքականությունՄեր պապերից մեզ հասել է պղտոր ջրում ձուկ որսալու ասացվածքը։
Ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ և՛ կյանքում, և՛ քաղաքական դաշտում միշտ լինում են մարդիկ, ուժեր, ովքեր ջուրը պղտորում են, որպեսզի կարողանան պղտոր ջրում ձուկ որսալ։
Այսինքն՝ իրենց սուտը ճիշտ ներկայացնել, խեղաթյուրել իրականությունը, գլոբալ առումով խաբել դիմացինին, իսկ քաղաքական առումով՝ խաբել սեփական ժողովրդին։
Սա իրականում լավ տեղ չի տանում, որովհետև ցանկացած պարագայում, երբ դու քո սուտը փորձում ես անընդհատ ճիշտ դարձնել, մեծ գին ես վճարում՝ և՛ անհատապես, և՛ որպես պետություն ու ժողովուրդ։
Հետևաբար, մեր ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը հասկանալու և երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է պարզեցնել ջուրը։ Թույլ չտալ, որպեսզի ոմանք պղտոր ջրում ձուկ որսան։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ հայաստանյան քաղաքական էլիտաները, և առաջին հերթին Հայաստանի նախկին ղեկավարներն ու գործող իշխանությունը, յուրաքանչյուրը իր հերթին պետք է բաց խոսի իր խնդիրների, իր սխալների մասին, ընդունի իր սխալները։
Եվ, գիտեք, էական էլ չէ՝ ներողություն խնդրեն ժողովրդից, թե ոչ, բայց ջուրը պարզեցնելու և իրականությունը տեսնելու համար մենք պարտավոր ենք բոլորս ընդունելու մեր սխալները։
Մենք պարտավոր ենք օբյեկտիվ անալիտիկայի ենթարկել Երրորդ Հանրապետության ողջ քաղաքական, սոցիալական կյանքը, պատմությունը, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու ենք հայտնվել նման իրավիճակում և ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից։
Սա մի գործընթաց է, որը, եթե իրականություն չդարձնենք, որով եթե չզբաղվենք, այդպես էլ չենք հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել, ինչպիսի իրավիճակում ենք հիմա և ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից։
Հակառակ պարագայում նախկին նախագահները իրենց հերթին թիմեր են ունենալու՝ մեկը մի փոքր մեծ, մեկը մի փոքր փոքր, էական էլ չէ, ովքեր ունեն մեկ խնդիր՝ ամեն գնով պաշտպանել սեփական ղեկավարին և ներկայացնել սեփական ղեկավարին հրեշտակ։
Նույնը վերաբերվում է քաղաքական կյանքի մյուս մասնակիցներին։
Գիտեք, մեծ հաշվով սեփական քաղաքական ուժին կամ լիդերին սուրբ ներկայացնելը ևս ոչ մի խնդիր չի լուծում։ Մենք ընդամենը զբաղվում ենք ինքնախաբեությամբ։
Դրա համար պետք է մի կողմ դնել ինքնախաբեության արատավոր մոտեցումը և իսկապես զբաղվել պղտոր ջուրը պարզելու գործընթացով՝ սեփական սխալները ընդունելով և լուրջ անալիտիկայով հասկանալու, թե ինչի միջով ենք անցել այս տարիներին, ինչու ենք հասել նման իրավիճակի և ինչ իրավիճակի ենք հասել, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։
Դարձյալ ուզում եմ կրկնել՝ քաղաքական խաղացողները պետք է բժշկի դեր տանեն, օբյեկտիվ և ճիշտ դիագնոզ նշանակեն, ինչ վիճակում է Հայաստանը։
Սա կարևոր քայլ է, որովհետև սխալ դիագնոզ նշանակելու դեպքում մենք չենք կարողանալու բուժել մեր պետությունը։
Իսկ ճիշտ դիագնոզ դնելու համար պետք է պղտոր ջրում ձուկ որսալու արատավոր երևույթը մի կողմ դնենք և բոլորս միասին պարզեցնենք ջուրը։
Սա ամենաառաջին և ամենակարևոր քայլն է, որը պետք է տեղի ունենա մեր քաղաքական կյանքում։
Մհեր Ավետիսյան