Արցախի Հին թաղեր գյուղի համար պայքարի ընթացքում 17 հայ զինծառայող անհետ կորել է. համայնքապետ. Tert.am
Արցախի Հադրութի շրջանի Հին թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը 9 հայ զինծառայող է գերի վերցրել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հին թաղերի համայնքապետ Էդուարդ Այվազյանը:
Նա նշեց, որ համայնքը պաշտպանող այդ ջոկատի տղաներին չի ճանաչում, տարբեր տեղերից էին, բայց Էջմիածնից էլ կան: «Ես 9 հոգու մասին եմ խոսում, բայց 17 հոգի են պակաս տղերքից, ինձ զանգեցին տեղեկացրեցին, 9 հոգին գիտեմ հաստատ գերի են, մյուսները թե զոհվել են, ինչ-որ մի տեղ կորել են, չգիտեմ, նրանց ճակատագիրն անհայտ է»,- ասաց համայնքապետը:
Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե չի կարողացել կապ հաստատել և ճշտել՝ արդյոք իրենց գյուղի համար պայքարում էլ են գերիներ վերցվել: