«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան
Քաղաքականություն«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.
Վարչապետին՝ պահանջ․ անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի՝ իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվեն, թե՞ ոչ
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ձևավորված իշխանությունը չի ստացել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելի քվեն և չունի սահմանադրական մեծամասնություն։
Հետևաբար, այն չի ստացել Հայաստանի իշխանությունը լեգիտիմորեն ստանձնելու համար անհրաժեշտ մանդատը։
Հայաստանի ապագային վերաբերող վճռորոշ հարցերի շուրջ հայ ժողովրդի անունից որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է հայ ժողովրդի նոր, հստակ և գիտակցված կամարտահայտությունը։
Ուստի այսօր Հայաստանի քաղաքական թիվ մեկ օրակարգը պետք է լինի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, որպեսզի հայ ժողովուրդն իր ազատ կամքով և գիտակցված ընտրությամբ որոշի Հայաստանի ապագան։
Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության, Սահմանադրության, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված հարցերում հայ ժողովուրդն ունի ոչ միայն իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք, այլև որոշումներ կայացնելու բացառիկ իրավունք և պատասխանատվություն։
Ուստի ովքե՞ր իրավունք ունեն խոսելու Հայաստանի, Արցախի և ամբողջ հայ ժողովրդի անունից, ինչպես նաև խոսելու նրանց մասին և նրանց անունից պահանջներ ներկայացնելու Հայաստանի իշխանությանը։ Միանշանակ՝ այն մարդիկ, կրկնում եմ՝ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ովքեր Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմների ժամանակ կամավոր հիմունքներով մեկնել և մասնակցել են այդ պատերազմներին, հատկապես՝ 44-օրյա պատերազմին, իրենց կյանքը գիտակցաբար դնելով Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, միշտ պաշտպանել են Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին և ԱՍՏԾՈՒ կամքով ողջ մնացել։
Եվ, ուրեմն, ես՝ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմներին կամավոր մասնակից, «Նժդեհյան Գայլախումբ» և «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատների հիմնադիր հրամանատար
Խաչիկ Ասրյանս՝
Խաչիկ Ասրյանս՝
Պահանջում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ հայ ժողովրդին հնարավորություն տալով ազատ և ժողովրդավարական քվեարկությամբ որոշելու՝ հայ ժողովուրդն ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանի ապագայի վերաբերյալ Հայաստանի գործող իշխանության որդեգրած ռազմավարությունը՝ այդ թվում՝ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ այդպիսով Հայաստանի գործող իշխանությանը տալով Հայաստանի իշխանությունը լեգիտիմորեն ստանձնելու համար անհրաժեշտ մանդատը, թե՞ մերժում է այդ մանդատը։
Եթե Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, վստահ է, որ իր որդեգրած ռազմավարությունն արտահայտում է հայ ժողովրդի կամքը, ապա այդ վստահությունը պետք է հաստատի ժողովրդավարական ճանապարհով՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների միջոցով։
Թո՛ղ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դառնան ոչ թե Հայաստանի գործող իշխանության վերարտադրության կամ ընդդիմության քաղաքական հաշվարկների իրականացման գործիք, այլ հայ ժողովրդի՝ Հայաստանի Հանրապետության ապագան ազատ կամքով և գիտակցված ընտրությամբ որոշելու իրական միջոց։
Միաժամանակ հստակ ընդգծում եմ, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի իշխանությունը լեգիտիմորեն ստանձնելու համար անհրաժեշտ մանդատ ստացած քաղաքական ուժը կարող է որոշում կայացնել «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման վերաբերյալ, սակայն այդ մանդատը երբեք չի կարող ո՛չ այդ քաղաքական ուժին, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական ուժի իրավունք տալ սահմանափակելու կամ զիջելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության ներքո՝ Հայաստանի սահմանային և մաքսային վերահսկողությամբ։ Հետևաբար, իմ հստակ դիրքորոշումն է՝ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացումն իր ներկայիս բովանդակությամբ անընդունելի է, իսկ Հայաստանի ազգային-պետական շահին համապատասխանող, սկզբունքորեն այլ բովանդակությամբ ճանապարհային ծրագիրը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության ներքո և բացառապես «Հայկական ուղի» անվամբ։
Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության ներքո՝ Հայաստանի սահմանային և մաքսային վերահսկողությամբ։ Հետևաբար, իմ հստակ դիրքորոշումն է՝ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացումն իր ներկայիս բովանդակությամբ անընդունելի է, իսկ Հայաստանի ազգային-պետական շահին համապատասխանող, սկզբունքորեն այլ բովանդակությամբ ճանապարհային ծրագիրը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանության ներքո և բացառապես «Հայկական ուղի» անվամբ։
Այո՛, հայ ժողովուրդն իր ազատ կամքով և գիտակցված ընտրությամբ պետք է որոշի Հայաստանի ապագան, բայց ո՛չ երբեք Հայաստանի ինքնիշխանության հաշվին։
Հայ ժողովրդի տված մանդատը Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու կամ զիջելու թույլտվություն չէ՛։ Եվ վե՛րջ։
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
1988 թվականի մայիսից մինչև 1991 թվականի մայիսը (3 տարի) ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավոր Արևելքում՝ Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերի ծովային հետևակում։
1992–1994 թվականներին 30 հոգանոց իր քաջերի՝ «Նժդեհյան Գայլախումբ» կամավորական մարտական ջոկատով, հերոս գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին՝ Քաշաթաղի (Լաչինի) հարավարևելյան հատվածում, ինչպես նաև մասնակցել է Գորիսի և Կապանի պաշտպանությանը։
2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը 60 հոգանոց իր քաջերի՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ Արցախի Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում։
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը 100 հոգանոց իր քաջերի՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Իր քաջերի ջոկատով պաշտպանել և անառիկ է պահել Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը, մերժել է հետնահանջի հրամանը, չի նահանջել և ԱՍՏԾՈՒ կամքով ողջ է մնացել։
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։
«Նժդեհյան Գայլախումբ» և «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատների հիմնադիր Հրամանատար։
Պահեստազորի Գնդապետ (զինվորական կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի N 1057ա/վ հրամանով)։
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ։
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի Փոխնախարար։
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ։
Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և ավելի քան 270 պատվոգրով ու շնորհակալագրով։