Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հասարակության մեջ ստեղծվել էր հստակ սպասում, որ նոր իշխանությունները հիմնովին արմատախիլ են անելու նախկին համակարգի արատավոր բարքերը։ Սակայն իրականությունն այլ պատկեր է ստեղծում. տպավորությունն այնպիսին է, որ նորեկները եկան ոչ թե համակարգը փոխելու, այլ ուղղակի ստանձնելու և լրացնելու հարստանալու այն մոլուցքի բացը, որը նույնիսկ «նախկինները» չէին կարողացել հաղթահարել կամ հասցնել նման մասշտաբների։
Մասնավորապես, վերջերս հրապարակված փաստերի համաձայն, ՔՊ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը նվեր է ստացել 5 միլիոն դրամի ոսկեղեն, հողամաս Փարաքարում և «Վազ» մակնիշի մեքենա։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը 2022 թվականին նվեր է ստացել բնակարան Երևանի Արաբկիր համայնքում, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը 2024 թվականին նույնպես բնակարան է ստացել Արաբկիրում։
ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը 2020 թվականին նվեր է ստացել հողամաս և ավտոտնակ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը 2024 թվականի հունվարին ստացել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Էդուարդ Աղաջանյանը Երևանի կենտրոնում ստացել է բնակարան, իսկ Սերգեյ Բագրատյանը 2021 թվականին նվեր է ստացել «Porsche» մեքենա։ Պատգամավոր Նարեկ Խաչատրյանը նվեր է ստացել հողամաս Սյունիքում և «Audi» մեքենա, Տրդատ Սարգսյանը՝ բնակարան Երևանում և հողամաս Եղեգնաձորում, Արամ Խաչատրյանը՝ բնակարան Վանաձորում, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ բնակարան և հողամաս Իջևանում։ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը տարբեր բարեկամներից և եղբորից ստացել է խոշոր դրամական նվերներ, իսկ Գարիկ Սարգսյանը՝ ընդհանուր 53 միլիոն դրամ։
Ուշագրավ նվերներով են աչքի ընկել նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ. Շուկայի վերահսկողական տեսչական մարմնից Արմեն Կոտոլ յանը 2025 թվականին ստացել է բնակարան, հողամաս, 18 միլիոն դրամի բնամթերք և 4 միլիոն դրամից ավելի արժողությամբ ժամացույց։ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը 20192022 թվականներին նվեր է ստացել «Toyota» մեքենա, շինություններ և հողամաս, մինչդեռ նրա եղբայրը՝ Հաշվեքննիչ պալատից Գեղամ Հովեյանը, 2025 թվականին ստացել է 6 միլիոն դրամ արժողությամբ ժամացույց։
Այս ուշագրավ ուսումնասիրությունները արել է Tribune.am-ը՝ մանրամասները ներկայացնելով հատուկ տեսաշարով։
Այս ամենը ևս մեկ անգամ ստիպում է խորը հիասթափությամբ հարց տալ՝ մի՞թե սրա համար են հազարավոր քաղաքացիներ դուրս եկել փողոց, մի՞թե սրա համար են իշխանափոխություն արել, որպեսզի «նորերի» քողի տակ ականատես լինենք նույն, եթե ոչ ավելի մասշտաբային ու լկտի հարստացման, երբ միլիոնավոր դրամների ոսկեղենը, շքեղ բնակարաններն ու թանկարժեք մեքենաները բարեկամների կամ անհայտ աղբյուրների անվան տակ լցվում են իշխանավորների գրպանը։
Արդյոք սա՞ էր այն արդար և հավասար երկիրը, որի խոստումով իշխանության եկան մարդիկ, թե՞ «հեղափոխություն» բառը դարձավ ընդամենը հերթական անձնական կարողությունները կուտակելու և սեփական բարեկեցությունն ապահովելու անխոցելի մանդատ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում