Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
ՀասարակությունԿոնվերս Բանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, միացել է կենդանիների պաշտպանության «ՔոՔո» և «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությանը՝ աջակցելով թափառական շների ստերջացման և կատաղության դեմ պատվաստման ծրագրին։
Ծրագրի նպատակը թափառական շների պոպուլյացիայի մարդասիրական կառավարումն է և մարդկանց ու կենդանիների համար ավելի անվտանգ միջավայրի ձևավորումը։ Նախաձեռնությունը համահունչ է նաև բնության և կենսաբազմազանության պահպանության օրակարգին, որի կարևոր բաղադրիչներից է մարդու և կենդանական աշխարհի պատասխանատու համակեցությունը։
«ՔոՔո» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անի Դավուդիի խոսքով՝ նախաձեռնության նպատակը խնդրի երկարաժամկետ և մարդասիրական լուծումն է։
«Ստերջացումն այսօր թափառական կենդանիների պոպուլյացիայի կառավարման ամենամարդկային և արդյունավետ մեթոդներից է։ Եթե ցանկանում ենք իրական արդյունք, պետք է ապահովենք բարձր ընդգրկվածություն՝ կանխելով նոր բազմացումը։ Մեր նպատակն է նման ծրագրեր իրականացնել Հայաստանի տարբեր համայնքներում»,— նշում է նա։
Ծրագրի առաջին փուլն իրականացվել է Ստեփանավանում՝ միջազգային մասնագիտական թիմի ներգրավմամբ։ Ծրագրի մենեջեր Վասիլի Մալյակովի խոսքով՝ կիրառվում է աշխարհում տարածված «բռնել, պատվաստել, ստերջացնել և վերադարձնել» մոտեցումը։
Յուրաքանչյուր կենդանի նույնականացվում է, գրանցվում են նրա առողջական տվյալները, անհրաժեշտության դեպքում կատարվում է կատաղության դեմ պատվաստում, ապա՝ ստերջացում։ Վերականգնվելուց հետո կենդանին վերադարձվում է այն տարածք, որտեղից բերվել էր։
Նախաձեռնության շրջանակում աշխատանք է տարվում նաև համայնքի բնակիչների և երեխաների հետ՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մշակույթ ձևավորելու նպատակով։
Ծրագիրը շարունակական է լինելու:
Այս օրերին բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի իր մոտեցումը Կոնվերս Բանկը ներկայացնում է նաև COP17-ի Green Zone-ում գործող տաղավարում։ Այստեղ Բանկը ներկայացնում է իր կանաչ ֆինանսավորման ծրագրերը, բնապահպանական նախաձեռնություններն ու այն լուծումները, որոնք միտված են բնության պահպանությանը և ավելի պատասխանատու ապագայի ձևավորմանը։
Նախաձեռնության մասին տեսանյութն՝ այստեղ
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից;