Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր Ավետիսյան
ՔաղաքականությունՈրովհետև անվտանգության ճարտարապետություն չունեցող և սեփական երկրի անվտանգության, խաղաղության խնդիրը չլուծած պետությունում ներքաղաքական օրակարգեր, ներքաղաքական պայքար, իշխանության համար պայքար և առհասարակ քաղաքական կյանք չի կարող լինել։ Եվ ես սա արդեն հինգ տարի է՝ խոսում եմ, որ պետք է ամեն ինչ մի կողմ թողնել, համախմբվել, լուծել երկրի անվտանգության խնդիրը։
Եվ հիմա արդեն գործող քաղաքական ուժերն իրենց հայտարարություններով ապացուցում են այն, ինչ ես տարիներ շարունակ ասում եմ։ Հիմա գոնե պետք է հասկանալ, որ քանի անգամ էլ ընտրություններ անեք, ինչքան էլ իրար քննադատենք, ինչ էլ անենք, եթե երկրի անվտանգության խնդիրը լուծված չէ, այդ ամենը կեղծ օրակարգեր են և իրականում նաև վտանգավոր։
Հետևաբար պետք է հիմա գոնե գիտակցել, որ իսկապես պետք է մի կողմ թողնել ամբիցիաները, քաղաքական պայքարը, իշխանությունը պահելու կամ իշխանության գալու պայքարը և հասկանալ, որ հակառակորդի, թշնամու և այլոց համար մենք բոլորս հայ ենք։ Բոլորիս էլ կամ հարգում են, կամ ոչ, կամ ուզում են մեզ հետ ապրել, կամ ուզում են բոլորիս սպանել։
Հակառակորդի, թշնամու և այլոց համար չկան ՔՊ-ականներ, սերժականներ, քոչարյանականներ, նախկիններ, թալանչիներ։
Հետևաբար Հայաստանի անվտանգության խնդիրը բոլորիս է վերաբերում։ Ժողովոււրդ ջան, իրականում իրավիճակը գնալով ոչ թե լավանում, այլ վատանում է։ Անվտանգության գործակիցը ոչ թե փոքրանում, այլ մեծանում է։
Օր օրի Հայաստանի անվտանգության խնդիրը ավելի օրհասական է դառնում։
Հետևաբար պետք է իսկապես խելք խելքի տալ և լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։ Մնացած բոլոր խոսակցությունները, փորձել ժամանակ շահել, մտածել, որ այդ անվտանգության խնդիրները ինքնըստինքյան լուծվելու են, ուղղակի անթույլատրելի են։
Այ սրա համար էի ասում մեզ ընտրություններ պետք չեն։
Պարոն Փաշինյանը կարող է հավերժ մնալ, կարող է թագավոր դառնալ։
Այս պահին իշխանության փոփոխության խնդիր մենք չունենք։
Լուծենք անվտանգության խնդիրը, և հետո նոր կսկսենք խոսել քաղաքական կյանքից։
Ես սա էի ասում։
Իսկ մեր ընդդիմությունն ասում է՝ ոչ, եկեք փոխենք իշխանությունը։
Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի։ Ոչ կարող եք փոխել ընտրություններով, ոչ էլ փողոցով։ Գոնե հիմա սա պետք է հասկանալ և զբաղվել երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։