Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն
ՏեսանյութերԿայուն զարգացումը հիմնական նպատակն է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը՝ Mining Armenia Forum 26-ի պանելային քննարկման ժամանակ։
«Մենք՝ որպես հանքարդյունաբերող, ESG բառը՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում արտահայտությունն ընդունում ենք, բայց ավելի հակված ենք «կայուն զարգացում» տերմինն օգտագործելու մեր գործունեության մեջ, որովհետև կայուն զարգացումը մեր հիմնական նպատակն է։ Մենք ուզում ենք տեսնել կայունություն բիզնեսում և թողնել մեզանից հետո լավ ժառանգություն։ Իսկ ESG-ն բանկերի ու ֆինանսավորողների համար այն միակ չափելի գործիքն է, որով կարող են չափել հանքարդյունաբերողի կամ էլ բիզնեսների կատարողականը, ինչ վերաբերում է հենց բնապահպանական, սոցիալական հարցերին»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես պետք է տարբերակել լավ հանքարդյունաբերողին վատից, վերջինս հայտարարել է.
«Այսօր հանքարդյունաբերության մեջ առաջնահերթությունը բոլոր այն հանքերինն է, որոնք ունեն պոչամբարներ, իսկ հիմնականում հանքերն ունենում են պոչամբարներ։ Դրանց կայունության հարցերն են, ու ինչպես է հանքարդյունաբերողը մոտենում դրանց կայունությանը, ինչպես է գնահատում ռիսկերը։ Ջուրը, ջրային ռեսուրսները ինչպես ենք մոնիթորինգ անում մենք ոչ միայն աղտոտման տեսանկյունից, այլև ջրօգտագործման տեսանկյունից, ու ամեն տարի ինչ գործողություններ ենք մենք անում ջրառը նվազեցնելու և այդպես շարունակ։ Այդ հիմնական 6-7 չափանիշները, համայնքային հարաբերությունները, շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններն են առանձնացնում լավ հանքարդյունաբերողին վատ հանքարդյունաբերողից, եթե, իհարկե, կարելի է նման որակումներ տալ։ Լավ հանքարդյունաբերողը նաև այն հանքարդյունաբերողն է, որն անում է հավելյալ մղոն։ Եթե դու պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ, նրանով, ինչը քեզնից ակնկալում են»։