«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական կայքում տարածած հայտարարությամբ տեղեկացրել է, որ բողոքարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հանձնաժողովի որոշումը, որով ակումբը մեղավոր էր ճանաչվել ֆինանսական կանոնակարգի բազմաթիվ խախտումների մեջ:
««Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հաստատում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին համապարփակ բողոք է ներկայացրել ԱՊԼ-ի կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ։ Ակումբը խորապես համոզված է, որ այդ եզրակացությունը պարունակում է իրավական, սկզբունքային և փաստարկային ակնհայտ սխալներ ու շատ առումներով անհիմն է։
Ակումբն անմեղ է Պրեմիեր լիգայի առաջադրած մեղադրանքներում, և կան անհերքելի ապացույցների հսկայական ծավալներ, որոնք ի նպաստ մեզ են վկայում այս գործում։ Մենք կշարունակենք պահպանել պատշաճ իրավական ընթացակարգերը և սահմանափակված ենք հետագա մեկնաբանությունների հարցում՝ մինչև բոլոր գործընթացների վերջնական ավարտը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրեմիեր լիգան մանչեսթերյան ակումբին մեղավոր էր ճանաչել ֆինանսական կանոնները խախտելու և հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելու մեջ։ Ակումբը կտրականապես հերքում է մեղադրանքներն ու մտադիր է մինչև վերջ պաշտպանել իր շահերը։ Հնարավոր պատժամիջոցների մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն, ըստ բրիտանական մամուլի, «Սիթիին» կարող է սպառնալ ընդհուպ մինչև չեմպիոնական տիտղոսներից զրկում։
Տեղեկանք. 2008 թվականից «Մանչեսթեր Սիթին» գտնվում է ԱՄԷ-ն ներկայացնող Abu Dhabi United Group ընկերության կառավարման ներքո: Այս ընթացքում «քաղաքայինները» նվաճել են ԱՊԼ-ի 8 չեմպիոնական տիտղոս, Անգլիայի 4 գավաթ և Լիգայի 7 գավաթ, ինչպես նաև 2022/23 մրցաշրջանում դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հետևեք մեզ՝ այստեղ