ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր Ավետիսյան
ՔաղաքականությունՀայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին Եվրամիության կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել։ Եվ Հայաստանի Արտգործնախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը, չունենալով Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, ստանում է նման տնտեսական արտոնություն։
Ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ Հայաստանը ևս միակ պետությունն էր՝ ԵԱՏՄ անդամ, որ նաև Եվրոասոցացում ստացավ։ Եվ սա չի խոսում այն մասին, որ Հայաստանը միակ երկիրն է, ում շատ են սիրում եվրոպացիները, այլ Հայաստանը այն երկրներից է, որ ցանկություն է հայտնում Եվրամիության և հավաքական Արևմուտքի համար դառնալ գեոպոլիտիկ գործիք՝ Ռուսաստանի դեմ գեոպոլիտիկ պայքարի շրջանակներում։
Սա ոչ թե ուրախալի, այլ ցավալի լուր է Հայաստանի և Հայաստանի ժողովրդի համար։ Սա ոչ թե մեր արտաքին քաղաքականության համար պետք է լինի գլուխ գովալու և հաջողություններ արձանագրելու, այլ ցավելու պատճառ, քանզի Հայաստանը ցանկություն է հայտնում և կամովի ցանկանում է դառնալ Արևմուտքի ձեռքի գործիք։
Մենք իսկապես սթափվելու կարիք ունենք և իրականությանը նայելու՝ գեոպոլիտիկ և քաղաքական հստակ հաշվարկների տեսանկյունից։ Ու ժամանակն է, որ մենք հստակորեն ձևակերպենք մեր պետական շահերը և առաջնորդվենք մեր պետական շահերով, որպեսզի չդառնանք այլոց ձեռքին՝ իրենց շահերը առաջ բրթող գործընթացում շարքային գործիք։
Ու քանի որ Հայաստանը համաձայնվել է կամովի քանդել իր և իր տարածաշրջանի անվտանգության ճանապարհորդությունը, որը ռուսները ձևավորել են ռուս-պարսկական, ռուս-թուրքական երկարատև պատերազմների քաղաքական, գեոպոլիտիկ գործընթացների արդյունքում, Արևմուտքը ժամանակավորապես՝ մինչև Հայաստանի վերջնական կործանումը, պատրաստ է լինելու մեզ սիրաշահել, գեղեցիկ խոսքեր ասել, մեզ համար արտոնություններ անել և հայտարարել, որ Հայաստանը միակ երկիրն է, ում մենք շատ ենք սիրում, ում համար մենք արտոնություններ ենք անում և այլն, և այլն, և այլն։
Սիրելի ժողովուրդ, հեռու պետք չէ գնալ, ընդամենը պետք է դիտարկել, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել մեր հարևան Վրաստանը և ինչու է Վրաստանը Եվրոպա հասնելու, Եվրոպայի դռների մոտից ետ շրջվել և արագորեն փախնում Եվրամիությունից, որպեսզի Եվրոպայի ձեռքի գործիք չդառնա Ռուսաստանի դեմ և չկործանի սեփական պետականությունն ու ժողովրդի։