Կանադայի ափերի մոտ երկու ամսում յոթ կետ է սատկել․ CTV
ՄիջազգայինԱպրիլ-մայիս ամիսներին Խաղաղ օվկիանոսի ափամերձ Բրիտանական Կոլումբիա նահանգի մոտակայքում սպառնալիքի տակ հայտնված յոթ մոխրագույն կետերի մարմիններ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ձկնաբուծության նախարարության իր աղբյուրին։
Վերջին սատկած կետերին գտել են Հայդա Գուայ կղզեխմբի մոտ՝ մայիսի 18-ին, 24-ին և 31-ին։ Դրանից առաջ՝ ապրիլին, 10 օրվա տարբերությամբ, Վանկուվեր կղզու մոտ հայտնաբերվել էին ևս չորս կետերի մնացորդներ, որոնց հերձումը ցույց էր տվել, որ նրանցից առնվազն երկուսը սատկել են ծայրահեղ հյուծվածության պատճառով։ Մայիսին գտնված կենդանիների հերձման արդյունքները դեռևս հայտնի չեն։
Նախարարության ներկայացուցիչը չի բացառել, որ սատկած կետերի թիվը կարող է աճել, քանի որ անցած ամռանը հյուսիսային լայնություններում գտնվող նրանց կերակրման ավանդական վայրերում սննդի պակաս է նկատվել։ Դրա պատճառով կենդանիները չեն կարողացել բավարար քաշ հավաքել, իսկ ձմռանը՝ բազմացման շրջանում, կետերը սովորաբար չեն սնվում։