Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափին
ՏեսանյութերՂազախստանի Մանգիստաուի մարզի էկոլոգիայի վարչության աշխատակիցները Կասպից ծովի ափին հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված 35 սատկած փոկ։ Այդ մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Կենդանիների սատկած մարմինները հայտնաբերվել են մայիսի 19-ին Տուպկարագանի շրջանում՝ Ֆորտ-Շևչենկո քաղաքի և Բաուտինո գյուղի մոտակայքում։ Մասնագետներն արդեն տեղում ջրի նմուշներ են վերցրել։
Սա այս տարի Ղազախստանում Կասպից ծովի ափին սատկած փոկերի հայտնաբերման առաջին դեպքը չէ. ապրիլի վերջից մինչև մայիսի կեսերը հայտնաբերվել էր շուրջ 300 սատկած կենդանի։ Մանգիստաուի շրջանի բնապահպանության դեպարտամենտից մայիսի 19-ին հայտնել են նաև, որ ավելի վաղ հայտնաբերված կենդանիների գտնվելու վայրերից վերցված ջրի փորձանմուշները չեն պարունակել աղտոտող նյութեր։
Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունից նախկինում հայտնել էին, որ գերատեսչության մասնագետները նույնպես հետազոտում են սատկած կենդանիներից վերցված կենսանյութերը, սակայն որևէ հիվանդություն չի հայտնաբերվում։ Նախարարության վարկածով՝ կենդանիների անկումը կարող է կապված լինել բնական երևույթների, օրինակ՝ երկրաշարժերի ժամանակ գազի արտանետումների հետ։ Փոկերի զանգվածային անկման դեպքեր նախկինում գրանցվել են նաև Կասպից ծովի ռուսաստանյան ափերին։