ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար
ՔաղաքականությունԵրևանում նախատեսվող ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը կարող է դառնալ շրջադարձային իրադարձություն Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Մայիսի 4-5-ը սպասվող այցերը, որոնց ընթացքում Հայաստան են ժամանելու Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության մեջ գտնվող և Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդները, նոր լարվածություն են հաղորդում առանց այն էլ բարդ տարածաշրջանային իրավիճակին։ Այս համատեքստում առավել հաճախ է հնչում այն գնահատականը, որ նման զարգացումները կարող են արագացնել Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների սրացումը՝ մինչև անգամ կտրուկ խզման եզրագիծ։
Այսպիսի սցենարի դեպքում հետևանքները չեն սահմանափակվելու միայն քաղաքական ոլորտով։ Տնտեսական և սոցիալական ազդեցությունները կարող են զգացվել ամենօրյա կյանքում՝ էներգակիրների գների հնարավոր փոփոխություններից մինչև արտահանման շուկաների սահմանափակումներ և աշխատանքային միգրացիայի պայմանների բարդացում։ Տարիներ շարունակ ձևավորված կապերի խաթարումը կբերի նոր խնդիրների, որոնց լուծումը պահանջելու է երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ։
Փորձագիտական շրջանակներում տարածված է նաև այն կարծիքը, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ նման մասշտաբի միջոցառման կազմակերպումը ունի հստակ ներքաղաքական հաշվարկ։ Անկախ պաշտոնական մեկնաբանություններից՝ ակնհայտ է, որ միջազգային բարձր մակարդակի միջոցառումը կարող է օգտագործվել հանրային տրամադրությունների վրա ազդելու նպատակով։ Այս ֆոնին առավել ընդգծված են դառնում երկրի ներսում արձանագրվող զարգացումները, որոնք, ըստ տարբեր գնահատականների, արդեն իսկ անցնում են ժողովրդավարական նորմերի սահմանները և առաջացնում լուրջ մտահոգություններ։
Իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը այս գործընթացներին անդրադառնալով նշում է․ «Իրավաբան փորձագետները զգուշացնում են, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնապետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին։ Բրյուսելը 300 միլիոն եվրո է տրամադրում կառավարության քննադատների վերաբերյալ «ապատեղեկատվությանը» հակազդելու համար։ Բրյուսելյան չինովնիկները քննադատության են ենթարկվել ԵՄ իրավունքի տասներկու խախտումների համար։ Նոր աղմկահարույց զեկույցի համաձայն՝ Հայաստանի ընտրություններին Եվրոպական միության միջամտությունը խախտել է ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ հենց իր՝ ԵՄ-ի կանոններն ու օրենքները։ «Amsterdam & Partners» իրավաբանական ընկերության «Interference by design» («Միջամտություն՝ ըստ նախագծի») խորագրով նոր զեկույցը զգուշացնում է, որ «ԵՄ-ն Հայաստանի կառավարության կողմից ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ լռությունից անցել է ակտիվ, ոչ չեզոք և կառուցվածքային առումով միակողմանի ներգրավվածության Հայաստանի նախընտրական միջավայրում»։ Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն հատել է սահմանը՝ «օրինական համագործակցությունից անցնելով անուղղակի ընտրական միջամտության և միջազգային ու ԵՄ իրավունքի խախտման»։ Ըստ փաստաթղթի՝ ընտրություններից առաջ Եվրոպական միության գործողությունները, այդ թվում՝ ավելի քան 300 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությունը, «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» գործուղումը, «ապատեղեկատվության դեմ պայքարի» ջանքերը և քվեարկությունից մեկ ամիս առաջ Երևանում եվրոպական 44 առաջնորդների գագաթնաժողովի անցկացումը, հավասարազոր են Հայաստանի ընտրական գործընթացի սաբոտաժի»։
Ստեղծված իրավիճակում առավել կարևոր է դառնում արտաքին քաղաքական հավասարակշռության պահպանումը։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ միակողմանի կողմնորոշումները փոքր երկրների համար հաճախ ունենում են ծանր հետևանքներ։ Երևանում նախատեսվող գագաթնաժողովը կարող է ունենալ կարճաժամկետ քաղաքական արդյունքներ, սակայն դրա երկարաժամկետ ազդեցությունը կախված է այն բանից, թե որքան հաշվարկված և հավասարակշռված կլինեն հետագա քայլերը։
Ակնհայտ է, որ ցանկացած արտաքին հարաբերության վատթարացում առաջին հերթին անդրադառնում է հասարակության վրա։ Տնտեսական դժվարությունները, սոցիալական խնդիրների խորացումը և ապագայի անորոշությունը դառնում են այն գինը, որը վճարում է շարքային քաղաքացին։ Այս համատեքստում յուրաքանչյուր որոշում պահանջում է առավելագույն պատասխանատվություն և հաշվենկատություն, քանի որ սխալ հաշվարկների հետևանքները կարող են զգացվել տարիներ շարունակ։