Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում
Քաղաքականություն«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատության 2026 թ. ինդեքսը, որում այս տարի Հայաստանը հետընթաց է գրանցել՝ 34-րդ տեղից հայտնվելով 50-րդում։ 2024-ին Հայաստանը 43-րդ տեղում էր, անցած տարի զգալի առաջընթաց էր գրանցել՝ հայտնվելով 34-րդ տեղում, բայց մեկ տարում հետընթացը նշանակալի է։ Զեկույցը փաստում է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն մնում է բևեռացված։
Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին առկա անվտանգային խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքորոշմամբ։ 2025-ի համեմատ դիրքերի զգալի անկում է գրանցվել բոլոր ոլորտներում։ Այսպես, 2025-ի համեմատ Հայաստանը հետընթաց է գրանցել քաղաքական ցուցանիշում՝ 33-ից հայտնվելով 57-րդ տեղում։ Տնտեսական ցուցանիշով՝ 48-ից 56-րդ տեղում է, օրենսդրական ցուցանիշն ամենախայտառակն է՝ 14-ից 45-րդ տեղ, սոցիալական ցուցանիշով՝ 36-ից 47-րդ տեղ։
Եվ անվտանգության ցուցանիշով՝ 26-ից 64-րդ տեղ։ Այս իրավիճակը առաջին հերթին ապտակ է հենց Փաշինյանի իշխանությանը, որը սիրում է անընդհատ կրկնել Հայաստանում մամուլի ազատության և այլ ազատությունների պահպանման, «ժողովրդավարության բաստիոն» լինելու նարատիվները, բայց միջազգային կառույցները նույնիսկ փաստում են, որ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում հաջողացրել է զգալի հետընթաց ապահովել սեփական երկրում։
Բնական է, որ այս ամենը լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, բայց դա, առանձնապես, Փաշինյանին կամ նրա իշխանությանը քիչ է հետաքրքրում։
Աննա Մարգարյան