Գագիկ Ծառուկյանին ազատ արձակելը հանրային պահանջ էր և ժամանակի հրամայական
ՔաղաքականությունԼեռնո Ասոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Մի քանի օրից կլրանա 1 ամիսը, ինչ Արցախի դեմ սանձազերծվել է հրեշավոր ու վայրենի պատերազմ: Թշնամին նույնն է՝ թուրքը, ստոր ու նենգ թուրքը և դրա կովկասյան սորտը: Չգիտեմ, թե սրանք քանի օրում էին պլանանավորում բլից-կրիգով վերցնել Արցախը, չգիտեմ, թե սրանք իրենց տերերին ինչ խոստումներ էին տվել, բայց հայոց լեռները սրանց համար իսկական գերեզման դարձան: Ինչպես ասում են՝ իշտահներիդ քացախ:
Մեր հասարակությունը դրսևորեց աննախադեպ միասնականություն՝ կրկին աշխարհին հիշեցնելով հայ մարդու լավագույն որակների մասին, նրա ոգու մասին, նրա արիության մասին: Հանուն արդարության պետք է ասել, որ միասնության կոչերի անկեղծությանը խանգարում էր միայն ամենամեծ ընդդիմադիր խմբակցության նախագահի՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը: Նախ՝ նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքեր չկային, և երկրորդ՝ ինքներդ էլ սոցցանցերում հանդիպած կլինեք բազմաթիվ գրառումների, երբ քաղաքացիները ուղղակի պահանջում էին նրանց ազատ արձակել, որովհետև Գագիկ Ծառուկյանը ժողովրդականություն է վայելում, և իր գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել զինված ուժերի և սպաների նկատմամբ հատուկ ուշադրությամբ: Նա մշտապես նեցուկ է եղել հայ զինվորին, վկան՝ այն հազարավոր աջակցության ծրագրերն եմ, որոնք կատարվել են նրա հովանավորությամբ: Այսինքն այս օրհասական պահին նրան ազատ արձակելը հանրային պահանջ էր և ժամանակի հրամայական:
Հասարակությունը չէր սխալվում, ազատ արձակվելու հաջորդ օրն իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կամավորական ջոկատ է ձևավորում, որը կգլխավորի անձամբ Գագիկ Ծառուկյանը: Սա հայրենասիրության վառ օրինակ է: Երբ ընթանում է հիրավի հայրենական պատերազմ, բոլորս այլևս զինվոր ենք:
Այնպես որ Գագիկ Ծառուկյանն իր այս քայլով ոգեղենության օրինակ է տալիս, և վստահ եմ, որ ազատության մեջ գտնվելով, նա դեռ բազում օգտակար գործողություններ կկատարի հանուն Հայաստանի և հայերի: Ճիշտ այնպես, ինչպես եղել է միշտ: