Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել են
ՔաղաքականությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը հայտարարեց, որ մեկնարկում է ուժեղ Հայաստանի նոր փուլը։
Նրա խոսքով՝ սա նոր տարվա սկիզբ է խորհրդանշում ոչ թե օրացուցային, այլ գաղափարական իմաստով՝ նոր մտածելակերպ, նոր առաջնորդություն և նոր քաղաքական ուժ, որոնք պետք է հիմք դառնան երկրի ապագա հաջողությունների համար։
Ալեքսանյանը նշեց, որ հասարակությունը հոգնել է թուլությունից և այն ղեկավարներից, որոնք, իր գնահատմամբ, տարիներ շարունակ վատնել են երկրի հնարավորություններն ու մարդկանց հույսերը։ Նա ընդգծեց, որ մարդիկ այլևս չեն ցանկանում ապրել պարտությունների, հիասթափության և նահանջի զգացումով, և «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ձևավորել ինքնավստահ ու վճռական հանրություն։
Ելույթի ընթացքում հիշեցվեց նաև, որ նախորդ օրը տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։
Միաժամանակ Ալեքսան Ալեքսանյանը շեշտեց, որ «Մեր ձևով» շարժումը շարունակելու է իր գործունեությունը՝ զուգահեռ կուսակցության աշխատանքին։ Նրա խոսքով՝ նախաձեռնության առաքելությունը միայն քաղաքական պայքարը չէ, այլ նաև ազգային արժեքների, հավատքի և պետական արժանապատվության պաշտպանությունը։
Նա ներկայացրեց նաև այն տեսլականը, որը, ըստ իրենց, պետք է բնութագրի ուժեղ Հայաստանը՝ երկիր, որտեղ երիտասարդները չեն արտագաղթի, այլ կմնան ու կստեղծեն, ընտանիքները կապրեն արժանապատիվ պայմաններում, գյուղական համայնքները կզարգանան, արտադրությունը կվերականգնվի, իսկ աշխատանքն ու արժանապատվությունը կդառնան առաջնային արժեքներ։